Իրանական պատվիրակությունն այսօր կմեկնի Վիեննա՝ միջուկային բանակցությունների նոր փուլին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է Mehr գործակալությունը։
Լրատվամիջոցը մեջբերում է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի խոսքերը. «Փոխարտգործնախարար Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությունը մի քանի ժամից մեկնում է Վիեննա։ Նաև ԵՄ կողմից համակարգվող բանակցությունների նոր փուլի ընթացքում քննարկվելու են այն մտքերը, որոնք առաջ են քաշվել բանակցող կողմերի, այդ թվում` Իրանի կողմից»։
«Թեհրանը կողմ է երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը, որը կերաշխավորի իրանցի ժողովրդի իրավունքներն ու շահերը», - ասել է Քանանին։
Tehran Times պարբերականի տեղեկություններով` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մեկնարկելու են վաղը։