«Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Հարավային Կովկասում կոմունիկացիաների շուտափույթ բացումը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից», - այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ուզբեկստանում տեղի ունեցած Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի և առևտրի նախարարների համաժողովի ժամանակ Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին:
«Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ի հայտ եկել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում բոլորին օգտագործել այս հնարավորությունը: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», - ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: