Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ուժերը դիմել են սադրանքի, իրադրությունը մնում է լարված. ՊԲ


Պաշտպանության բանակը հայտնում է, որ այսօր, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:

Համաձայն հաղորդագրության, հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Կատարվածի մասին, ըստ հաղորդագրության, հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Բաքուն հերքել է հայկական կողմի այս պնդումները: «Լրատվամիջոցների հաղորդումները, թե իբր ադրբեջանական բանակը կրակ է բացել ապօրինի հայկական զինված ուժերի ուղղությամբ, սադրանք է և սուտ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հատուկ ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ ուժերն այդ տարածքում ժամանակավոր են տեղակայված։

Անցած շաբաթավերջին էլ՝ հուլիսի 28-ին Արցախի ՆԳՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ: Հուլիսի 30-ին Ռուսական խաղաղապահ զորակազմը, ըստ էության, հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում: Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ, զոհեր ու վիրավորներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG