Մատչելիության հղումներ

Առաջարկվում է օնլայն տաքսիների ամեն պատվերից 100 դրամ պետտուրք գանձել


Տաքսիների ուղեվարձի զգալի բարձրացման պատճառով քաղաքացիների համատարած դժգոհությունների ֆոնին Կառավարությունն առաջարկում է հարկային դաշտ բերել օնլայն տաքսի ծառայությունները՝ առաջարկելով յուրաքանչյուր պատվերից 100 դրամ պետական տուրք գանձել։ Ըստ գործադիրի՝ օնլայն տաքսիների ոլորտում մինչ օրս ոչ կարգավորումներ, ոչ էլ վերահսկողական մեխանիզմներ կան։ Նախագիծը հանրային քննարկման է դրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որևէ հարկային պարտավորություն չունեն և անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար» - հիմնավորել է նախարարությունը:

«Ոլորտն արդեն բավական ժամանակ գործում է, և արդեն անհրաժեշտությունը կա կարգավորելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախագիծը մշակած գերատեսչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:

100 դրամ պետտուրքի գանձումը պետք է ապահովեն օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները, եթե չհետևեն պահանջներին, ստիպված կլինեն բացահայտված ամեն խախտման դեպքում 200-ից 300 հազար դրամ տուգանք վճարել։

Գործադիրի առաջարկը համընկնում է օնլայն տաքսիների ուղեվարձերի բարձացման այս շրջանին։ Քաղաքացիներն ասում են՝ վերջին ամիսներին տաքսու համար կրկնակի, երբեմն՝ եռակի ավելի են վճարում.

«Կրկնակի թանկ է նստում հիմա...»:

«Նույն հեռավորությունը առաջ, ասենք, 1100-1200 էր, հիմա 1500-ից պակաս չեն վերցնում...»:

«Առավոտվա ժամերին 800 ա լինում, բայց 6-ից հետո արդեն 1500-1800...»:

Այսօր առավոտյան, օրինակ, ժամը 9:40 Երևանի Աջափնյակ վարչական շրջանից կենտրոն հասնելու համար պետք էր առնվազն 1400 դրամ վճարել. ամիսներ առաջ նույն ճանապարհի համար 800-ից 900 դրամ էր պահանջվում։ Գինն ավելի է բարձրանում, եթե քաղաքացին նախընտրում է ավելի հարմարավետ մեքենաներից օգտվել։ Երեկոյան ժամերին սակագներն ավելի բարձր են։

«Գումարը գանձվելու է ստացվող պատվերից, և այդ օպերատորը՝ հարթակը էլեկտրոնային, ինքը փոխանցելու է այդ գումարը», - նշեց Խաչիկ Սողոմոնյանը:

Յուրաքանչյուր պատվերի համար 100 դրամ պետտուրքի գանձումն արդյոք էլ ավելի չի՞ բարձրացնի տաքսիների սակագները, ու կրկին քաղաքացիները կտուժեն։ ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետը չբացառեց նման սցենարը. - «Կբերի՞ նոր թանկացումների՝ այդ մասով կարող է ինչ-որ փոքր հատված ազդեցություն ունենալ»:

Ի՞նչ են մտածում հենց իրենք՝ տաքսու վարորդները։ Նրանք տեսախցիկի առջև խոսել չէին ցանկանում, բայց չերևալու պայմանով իրենց դժգոհությունն էին հայտնում.

«Իրոք, շատ վատ կանդրադառնա, էդ գումարը, 100 դրամը ամեն պատվերից շատ մեծ գումար ա, ձեռ չի տա, օրը մի 17, 16, եսիմ ինչ պիտի լինի, որ ազատ լինի, շաբաթ-կիրակի մի 20 պատվեր լինի», - ասաց վարորդներից մեկը:

Հնարավոր չէ՞ արդյոք ոլորտը վերահսկելու ու հարկային դաշտ բերելու այլ մեխանիզմ մտածել, որպեսզի այդ բեռն էլ ի վերջո շարքային քաղաքացիների վրա չմնա։ Տարածքային կառավարման նախարարությունից արձագանքում են՝ նախագիծն օրենքի ուժ ստանալու համար դեռ երկար ճանապարհ է անցնելու, և այդ ընթացքում գուցե ավելի լավ լուծումներ առաջարկվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG