Ուկրաինական բանակի կողմից Խերսոնի ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների հետևանքով այստեղ տեղակայված ռուսական զորքերը «շատ խոցելի վիճակում են հայտնվել»։ Այսօր հրապարակված ամենօրյա ամփոփագրում այդ մասին գրել են Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության մասնագետները։
Բրիտանացի հետախույզների պնդմամբ, ուկրաինական զորքերին վերջին օրերին ըստ ամենայնի հաջողվել է «պլացդարմ ստեղծել Ինգուլեց գետի հարավային ափին, ինչպես նաև արևմտյան սպառազինության նոր մատակարարումների, մասնավորաբար, հեռահար հրետանու շնորհիվ, վնասել Դնեպր գետի վրա գտնվող և ռուսների կողմից վերահսկվող երեք կամուրջները»։
«Ուկրաինական կողմի այս գործողությունների հետևանքով Դնեպրի արևմտյան ափին տեղակայված ռուսական 49-րդ բանակի վիճակը շատ խոցելի է թվում։ Խերսոն քաղաքն այժմ գործնականում կտրված է ռուսական զորքերի կողմից գրավված մյուս շրջաններից», - պնդում է Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը։