Մատչելիության հղումներ

Քըլըչի այցը հայ-թուրքական սահման, ըստ Փայլանի, ցույց է տալիս, որ թուրքական կողմը պատրաստվում է այն բացել


Թուրքիան լուրջ և վճռական է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Թուրքիան լուրջ և վճռական է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, երեկ թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև կրկնել է արտգործնախարարի հայտարարությունը:

«Մենք ակնկալում ենք հայտարարություններից զատ կոնկրետ քայլեր։ Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան ձգտում է Երևանի հետ լիովին կարգավորել հարաբերությունները և բարիդրացիական հարաբերություններ հաստատել։

Թուրքիայի առաջնորդը վերստին հաստատել է, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական գործընթացների հետ:

Անցած հինգշաբթի անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Թուրքիայի արտգործնախարարն էլ հայկական կողմին մեղադրել էր կարգավորման գործընթացի ձգձգման համար և երկու հստակ նախապայման առաջ քաշել, հայտարարել, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված`«Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում:

Թուրք պաշտոնյայի այցը ցույց է տալիս, որ պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են մտնում. Աղաջանյան

Պաշտոնական Անկարայից հնչող այս հայտարարությունների ֆոնին նախօրեին հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս՝ հայ-թուրքական սահման։

Հայ-թուրքական սահման թուրք պաշտոնյայի այցը ցույց է տալիս, որ պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են մտնում, ասում է Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա այսօր, սակայն, չհայտնեց, թե հայկական կողմը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում սահմանը բացելու համար։

«Հայելային տրամաբանությամբ նույն հարցերը և պրակտիկ խնդիրները ենթադրվում է, որ առկա կլինեն թե՛ հայկական, թե՛ Թուրքիայի կողմից սահմանամերձ տարածքներում։ Եվ հաշվի առնելով, որ խոսքը, որ պայմանավորվածությունները ենթադրում են, այդ թվում նաև լոգիստիկ բնույթի խնդիրների լուծում, այո, բնականաբար, Հայաստանի կողմից ևս նմանատիպ գործընթացներ պետք է տեղի ունենան, և կարծում եմ` սա ողջունելի է և ցույց է տալիս, որ պայմանավորվածությունները արդեն գործնական փուլ են անցնում, և սա լավ նորություն է», - հայտարարեց Աղաջանյանը:

Իշխանական պատգամավորը նաև անդրադարձավ Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և գործակցության առումով կիսում է Անկարայի տեսակետները։ Լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյոք դա նշանակում է, որ Երևանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

«Չի կարող առկա լինել մտածելու, ենթադրելու, պնդելու, թե հայկական կողմը երբևէ որևէ պարագայում կարող է նույնիսկ քննարկման առարկա դիտարկել որպես «Զանգեզուրի միջանցքը», - արձագանքեց Աղաջանյանը:

Փայլանն ասում է՝ կարգավորման գործընթացն առանց խոչընդոտների չի լինի

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն, անդրադառնալով Անկարայի հատուկ ներկայացուցչի հայ-թուրքական սահման այցին, ասում է՝ դա ցույց է տալիս, որ թուրքական կողմը պատրաստվում է սահմանը բացել։ Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր պատգամավորը նույն կամքը նաև հայկական կողմում է տեսնում։

«Կարծում եմ՝ Անկարայում անկեղծ ցանկություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին, պարոն Փաշինյանի կառավարությունը ևս կամք ունի կարգավորելու այդ հարաբերությունները։ Այսպիսով, եթե կա կամք, ուրեմն նաև ճանապարհ կա, մենք պետք է դիտարկենք այդ ճանապարհները։ Իհարկե, Ադրբեջանը դերակատարում ունի այս գործընթացում», - ասաց նա։

Անկարայից հնչող հայտարարությունները հաշվի առնելով` Փայլանն ասում է՝ կարգավորման գործընթացն առանց խոչընդոտների չի լինի, հատկապես, որ Թուրքիան այն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Համոզված է՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորումը միաժամանակ հայ-ադրբեջանական կարգավորման գործըթացի հետ է ընթանալու. «Այստեղ, այս գործընթացում միշտ էլ խոչընդոտներ կլինեն, որովհետև երեք երկրները ինչ-որ կերպ ազգայնական երկրներ են և կանխակալ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ», - հավելեց պատգամավորը:

Չնայած առկա խոչընդոտներին` Փայլանը կարծում է, որ կողմերը մոտակա ամիսներին կնորգեն ու կվերականգնեն ճանապարհները, կամուրջներն, ու սահմանը կբացվի այլ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները վերջին հանդիպման ընթացքում՝ այս ամսվա սկզբին, պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնելու ուղիղ օդային բեռնափոխադրումներ։

Թուրքիայի և Հայաստանի առաջնորդներն էլ հեռախոսազրույցի ընթացքում հույս էին հայտնել, որ այդ պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Բայց ոչ Երևանը, ոչ էլ Անկարան հստակ ժամկետներ չեն նշում։

XS
SM
MD
LG