Մատչելիության հղումներ

Ստամբուլի բանակցություններում առաջին կարևոր քայլն է արվել. Աքար


Թուրքիա - Ստամբուլյան բանակցությունները, 13-ը հուլիսի, 2022թ.
Թուրքիա - Ստամբուլյան բանակցությունները, 13-ը հուլիսի, 2022թ.

Երեկ Ստամբուլում չորս կողմերի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների միջև բանակցությունների արդյունքում Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով առաջին կարևոր քայլն է արվել՝ պայմանավորվածություն կա ստեղծելու երթուղիների անվտանգությունը համակարգող կենտրոն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի հաջորդ շաբաթ՝ կրկին Ստամբուլում կայանալիք հաջորդ հանդիպմանը։

Աքարը հայտնել է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են համատեղ հսկողություն իրականացնել՝ նավահանգիստներում հացահատիկի փոխադրումները ստուգելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է երեկ կայացած բանակցությունների արդյունքը՝ ասելով, որ կարևոր և նշանակալից քայլ է արվել համապարփակ համաձայնագրի ուղղությամբ՝ վերսկսելու ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով։ «Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ մենք կարող ենք վերջնական համաձայնության գալ: Բայց, ինչպես ասացի, մեզ դեռ պետք է շատ բարի կամք և պարտավորություններ բոլոր կողմերից», - լրագրողներին ասել է Գուտերեշը:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ մնացել է ամբարներում: Կիևը պնդում է, թե ռուսական ուժերն արգելափակել են բոլոր ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով արտահանել ամբարված ցորենը: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով Սև ծովով նավերի անվտանգ անցում ապահովել միայն այդ ջրային տարածքների ականազերծման պայմանով: Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը հացահատիկի միջանցքը կարող է օգտագործել նոր հարձակման համար:

XS
SM
MD
LG