Մատչելիության հղումներ

Բարեփոխումների ռազմավարությամբ բարեվարքության ստուգում է նախատեսվում դատավորների, դատախազների, քննիչների համար


Այսօր հաստատված ռազմավարությամբ Հայաստանի կառավարությունը կրկին խոստանում է բարեփոխել դատաիրավական համակարգը, մի բան, որ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանություններից պահանջում էին մարդու իրավունքների ոլորտի մասնագետները։

Գործադիրի այսօրվա նիստում արդարադատության նախարարն ընդունեց, որ 2019-ին ընդունված ռազմավարության իրագործումը ձգձգվել է, որպես պատճառ Կարեն Անդրեասյանը նշեց պատերազմն ու համավարակը, ասաց` այս նոր փաստաթուղթը հնի շարունակությունն է։

Ավելին՝ առաջին ռազմավարությունը դեռ մինչև վերջ չիրագործած կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, թե հնարավոր է չսպասեն մինչև 2026-ի ավարտին և ավելի շուտ իրագործեն բոլոր գործողությունները, որոնցից, թերևս, ամենաէականը դատավորների, քննիչների դատախազների բարեվարքությունն է։ Այժմ նման ստուգում անցնում են միայն նոր նշանակված դատավորները:

«Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա, իմիջիայլոց նաև բարեվարքության ստուգում է նախատեսվում դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար», - ասաց նա:

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց՝ բարեփոխումների քաղաքական որոշումն ավելի վաղ էին կայացրել. «Քաղաքական մակարդակում այդ որոշումն արդեն ընդունված է, ավելին` ես նկատի ունեմ` մենք` որպես քաղաքական իշխանություն, առաջինը մեր վրա ենք կիրառել այդ սկզբունքը և հիմա արդեն կիրառում ենք իշխանության մյուս մարմինների վրա»:

Դատական բարեփոխումների շղթայում կառավարությունն առաջին հերթին նախատեսում է բացառապես կոռուցպիոն գործեր քննող հակակոռուպցիոն դատարաների գործարկումը: Ընդ որում՝ գործադիրը տարեսկզբին հայտարարում էր, թե այդ դատարանները կսկսեն գործել մայիսից։

«Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե՛ օրենսդրական, թե՛ կադրային, թե՛ շենքային և աշխատանքային պայմաններով, և մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում», - ասաց Կարեն Անդրեասյանը:

2018-ի հեղափոխությունից հետո իրավապաշտպաններն ու ոլորտի մասնագետները ակնկալում էին, որ նոր իշխանությունը անցումային արդարադատության կիրառմամբ կզտի դատական համակարգը, սակայն հետո արձանագրեցին, որ դա այդպես էլ տեղի չունեցավ։

Գործադիրի ղեկավարն այսօր ընդունեց, որ դատական համակարգում բարեփոխումները դանդաղում են։ Բայց Փաշինյանին հուսադրել էր Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը. «Պետք է արձանագրել, որ այստեղ մենք մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց»:

Վարչապետը որակյալ է գնահատում նոր ռազմավարությունն ու ակնկալում է, որ դրանով կկարողանան ընդունել նոր օրենքներ ու որոշումներ՝ ամրապնդելով և զարգացնելով անկախ դատական համակարգը։

Փորձագետը քաղաքական կամքի բացակայությունն է մատնանշում

Իրավապաշտպանների ու փորձագետների շրջանում, սակայն, այս ռազմավարությունը որակյալի տպավորություն չի թողել։

«Թրանսփարենսի Ինթերնեյշընլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով` իրենց կազմակերպությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք, սակայն, տեղ չեն գտել այս փաստաթղթում։ Դրանցից են դատավորների կարգապահական պատասխանատվության, դատախազական համակարգի բարելավման, դատական փորձաքննությունների հետ կապված հարցերը։

«Կոսմետիկ բարեփոխումներ իրենք, այնուամենայնիվ, ռազմավարության մեջ նախատեսված են որոշակի առումով, բայց օրինակ կարող եմ բերել փորձաքննությունների հետ կապված խնդիրը, որն առնչվում է իրավական համակարգի բոլոր օղակներին, կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր ոլորտի բարեփոխման առումով կոնկրետ ժամանակահատվածի հետ կապված, որովհետև այս ոլորտն այնպիսի բացեր ունի, որոնք ազդում են դատաիրավական համակարգի բոլոր բնագավառների, այդ թվում` ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի, տարբեր առումներով, ըստ էության մենք չենք տեսել ռազմավարության մեջ հստակ կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեին այդ ոլորտի բարեփոխմանը», - նշեց նա:

Մյուս կողմից, փորձագետի կարծիքով` նման կարևոր փաստաթղթերը պետք է քննարկվեն ու ընդունվեն խորհրդարանում։ Մարտիրոսյանը համաձայն չէ վարչապետի հետ, թե այս նոր փաստաթուղթը հնարավորություն կտա ունենալ անկախ դատական համակարգ։ Դրա համար, առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր, ասում է փորձագետն ու ընդգծում՝ մինչ այս պահը անգամ նախորդ ռազմավարության արդյունքներն ու արդյունավետությունը ուրվագծված չեն։

«Կարող է վաղն արթնանան, ռազմավարությունն էլ որ չլինի, քաղաքական կամքի առկայության պարագայում այդ փոփոխությունները կարող են լինել: Այս պահի դրությամբ մենք չենք տեսնում {քաղաքական կամք}, և ակնհայտ է այստեղ, որ դեռևս այդ համակարգը մարդու իրավունքներին և երաշխիքների առումով մարդու իրավունքների պաշտպանությանը դեռևս չի ծառայել», - ասաց նա:

Մինչ այս, իշխանությունը հայտարարում է, թե 348 միլիոն դրամ է հատկացնում դատարանների թվայնացման համար։

XS
SM
MD
LG