Մատչելիության հղումներ

Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ, և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:

Հարությունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների հավակնորդի թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում, որից 26-ը՝ դրական, 16-ը՝ դրական վերապահումով, 4-ը՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել: Շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատ 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ ԲԴԽ անդամների, ՍԴ անդամ/դատավորների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել:

Օրակարգի հարցերի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների և դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերը:

Համաձայն հաղորդագրության, վարչապետը նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համարժեք վարձատրությունը լոկոմոտիվի դեր կունենա և կնպաստի որակյալ աշխատանքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հակակոռուպցիոն մարմինների անձնակազմի ներքին բարեվարքության ստուգման մեխանիզմների պատադիր ներդրումը՝ դա համարելով նոր չափանիշներով ստեղծվող համակարգի գործունեության առաջնահերթություն:

Հակակոռուպցիոն խորհրդի նիստում ներկայացվել է նաև իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Բադասյանը նշել է, որ նախատեսվում է գործող 2՝ իրական շահառուների և սեփականատերերի ինստիտուտների միասնականացմամբ ներդնել իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմ: Այն տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա և միտված է իրական սեփականատերերի բացահայտելիության բարձրացմանը՝ էլեկտրոնային համակարգի ներդրման և տեղեկատվական համապարփակ բազայի ստեղծման միջոցով: Տեղեկատվությունը լինելու է հրապարակային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG