Եվրախորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի գլխավորած պատվիրակությանը: Ալիևը հիշել է, որ վերջին անգամ Եվրախորհրդարանի պատվիրակությունը Ադրբեջանում եղել է 2018-ին, ասել է, թե նույնիսկ փոքր ինչ զարմացել է, երբ լսել է նրանց այցի մասին:
«Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը բացարձակ անընդունելի է: Մեր հասցեին հնչել են մեղադրանքներ, վիրավորանքներ և տարածվել է սուտ տեղեկատվություն։ Ես նույնիսկ մոռացել եմ հակաադրբեջանական բանաձևերի քանակը, որոնք ընդունել է Եվրախորհրդարանը տարբեր ժամանակներում», - ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը մատնանշել է վերջին ամիսներին Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից ընդունված բանաձևերից մեկը, որում կառույցը դատապարտել և կոշտ քննադատություն է հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։ Եվրամիության օրենսդիր մարմինը մարտի սկզբին 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեներով ընդունել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձև: Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների և եկեղեցիների ավերումը և հիշեցրել, որ ցանկացած կոթողի ոչնչացում կամ դրա ինքնության և պատկանելության աղավաղում հակասում է Եվրամիության սկզբունքներին:
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե այս մեղադրանքները անհիմն են: Ավելին, նա հերթական անգամ հայկական կողմին է մեղադրել ադրբեջանական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար: Ալիևը շեշտել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը պարտադիր կատարման ուժ չունի և առանձնակի կարևորություն չի ներկայացնում, քանի որ Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները լավ պատմություն ունեն և զարգանում են մեծ հաջողությամբ:
«Հավանաբար, դուք տեղյակ եք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երեկվա այցի մասին: Մենք շատ լավ քննարկում ունեցանք: Սա ևս մեկն անգամ ընդգծում է Եվրամիության հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նա արդեն երեք եռակողմ հանդիպում է հյուրընկալել երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ», - նշել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը տարակուսել է, թե հաշվի առնելով Եվրամիության հետ դրական հարաբերությունները, Եվրախորհրդարանի գործելակերպը անհասկանալի է: Ալիևը նույնիսկ ասել է, թե Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանի: Ադրբեջանի նախագահի խոսքով, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հակաադրբեջանական բանաձևերի հետևում Հայաստանի խորհրդարանը կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր են կանգնած:
«Չնայած Եվրախորհրդարանի որոշ անդամների փորձերին՝ հնարավոր չէ մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից», - հայտարարել է Իլհամ Ալիևը:
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերը իր հերթին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը Բաքու վկայում է Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների կարևորության մասին, հատկապես այդ պատմական ժամանակաշրջանում: Մակալիստերը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթվա ընթացքում այցելելու են նաև Թբիլիսի և Երևան: