«Սովի վտանգն աշխարհում իրական է», - պնդում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը։
Այս մասին եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկող ԵՄ արտգործնախարարների հավաքից առաջ։ Նիստի քննարկման գլխավոր թեմաներից մեկը ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի ճակատագիրն էր։
«Ես պետք է մեկ անգամ ևս կրկնեմ, որ աշխարհում՝ մասնավորաբար Աֆրիկայում, մեծ սովի վտանգ կա։ Պատերազմի հետևանքով գներն աճում են, էներգետիկ պաշարների և սննդամթերքի պակաս է նկատվում», - նշել է Բորելը՝ հավելելով, - «մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գործադրած ջանքերին, որոնց նպատակն է վերաբացել Ուկրաինայից սննդամթերքի արտահանման ուղիները։ Ես հուսով եմ, ավելին՝ ես վստահ եմ, որ ՄԱԿ-ի քայլերն ի վերջո հաջողությամբ կպսակվեն։ Որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ հացահատկի միլիոնավոր տոննաները արգելափակված են մնում Ուկրաինայում, երբ աշխարհի մյուս հատվածներում մարդիկ տառապում են սննդամթերքի պակասից»։