Նախիջեւանի սահմանին կից Ելփին գյուղի բնակիչ Ժանետա Աղախանյանը հարազատների անհանգիստ զանգերից է տեղեկացել, որ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղի ճանապարհի ուղղությամբ։
«Ես տունը հաց էի թխում, Մոսկվայից, տարբեր տեղերից... ախպերս զանգեց, տարբեր տեղերից զանգեցին, ասում էին Ելփինում կրակոց ա եղել, բայց մենք տունն ենք էղել, չենք լսել։ Հետո ինտերնետից ենք իմացել, որ կրակոց կար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժանետան՝ հավելելով. - «Ես իմ տնից ու տեղից դուրս չեմ գա, ով ուզում ա, թող էթա, ես չեմ էթա»։
Երեկ ժամը 16։00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակ է բացել Վայոց ձորի սահմանամերձ Ելին գյուղի մարտական դիրքերի ու գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Ըստ պաշտպանության նախարարության՝ կիրառել են նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Վնասվել է գյուղի մոտակայքում, ճանապարհին կայանված մի մեքենա, մարդիկ չեն չուժել։ Երեք օր առաջ էլ Վայոց ձորի մեկ այլ գյուղի՝ Խաչիկի ուղղությամբ էին կրակել, կրկին մեքենա էր վնասվել։
Այսօր Ելփինում իրավիճակը հանգիստ էր, բնակիչները վստահեցնում էին՝ վախեցած չեն։
«Ինչի՞ պիտի վախենանք։ Մանավանդ պատահական գնդակ ա եղել։ Գյուղի վրա չեն կրակել։ Իրանք որպեսզի գյուղի վրա կրակեն, պետք ա բարձրանան մեր տղերքի կանգնած տեղը», - ասաց ելփինցի Սամվել Հարությունյանը։
Նա Ելփինում է ծնվել-մեծացել, որդիները զինվորական են։ Իր տնից պարզ երևում են դիրքերը, բացատրում էր, թե ինչպես են ադրբեջանցիների փամփուշտները հասել իրենց գյուղի ճանապարհին. - «Էդ գնդակը, որ հասել ա էդ մեքենային, սա կորագծով եկած գնդակ ա։ Որովհետև իրանք փոսում են, իրանք դիմահար չեն կարա կրակեն։ Հակառակորդը փոսում ա, ներքևում ա...»
Ասում է՝ վերջին անգամ երեք տարի առաջ է հակառակորդի փամփուշտը հասել գյուղի տներից մեկին, տանիքն էր վնասվել, մարդիկ չէին տուժել, իսկ ավելի հաճախ ադրբեջանցիները Ելփինը թիրախավորում էին 90-ականներին. - «Մեր գյուղացիները համախմբված, ինքնաբուխ բարձրացել են, հերթապահություն են արել։ Կրակին ավելի մոտիկ...»
Մի քանի տարի առաջ ադրբեջանցիներն այս տարածքում առաջ են եկել, հիշեցնում է Սամվել Հարությունյանն ու շեշտում, բայց հայկական դիրքեր չեն հասել. - «Եկել են իրանց հողի մեջ։ Ավելի հեռու էին նստում, մոտիկացել են։ Բայց իրանց հողի մեջ։ Մենք էլ գիտենք, որ էդ իրանցն ա»։
Ադրբեջանին սահմանակից այս գյուղում պաշտոնապես մոտ 1200 բնակիչ կա։ Ըստ գյուղապետի փաստացի ապրող մարդկանց թիվն ավելի քիչ է։ Դպրոցում մոտ 100 աշակերտ է սովորում, մանկապարտեզ դեռ նոր պետք է կառուցեն։
Գյուղապետ Անդրանիկ Աղախանյանն ասում է՝ գյուղում խուճապ չկա, մարդիկ իրենց բնականոն կյանքով են ապրում, մեծ մասը դաշտերում է. - «Գյուղացիները էս սեզոնին դաշտում են, խոտհունձի ժամանակ ա։ Որ ասեմ ինչ-որ մի հատ խուճապ, մտահոգություն, տենց բան չկա»։շ
Գյուղապետն էլ կրակոցների մասին ուրիշներից է լսել, ստույգ չգիտի, իրեն պատմել են՝ 3-4 անգամ են կրակել։
Ադրբեջանի սահմանին շատ մոտ ապրող Ելփինի բնակիչները մի ցանկություն ունեն, որ գյուղը պաշոնապես սահմանամերձի կարգավիճակ ստանա, որ դիրքերն ավելի ամուր լինեն։
«Գյուղը սահմանակից ա, ես զարմանում եմ, որ սահմանապահ գյուղ չի ճանաչվել», - ասում է Սամվել Հարությունյանը։
«Եթե սահմանները պաշտպանված լինեն, մենք աշխատող մարդիկ ենք, կաշխատենք ու կապրենք», - վստահեցնում է նրա համագյուղացին։