Մատչելիության հղումներ

Սլավյանսկի համար ճակատամարտը կլինի հաջորդ խոշոր ռազմական գործողությունը Դոնբասում. բրիտանացի փորձագետներ


Դոնեցկի մարզի վարչակազմի ղեկավար Պավլո Կիրիենկոն տարհանվելու կոչ է արել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչներին։ Այսպես, ըստ պաշտոնյայի, մարդիկ կկարողանան պաշտպանվել ռուսական զորքի գնդակոծությունից, իսկ ուկրաինացի զինվորականներն ավելի արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան։

Պաշտոնական Կիևի տվյալներով, Դոնեցկի մարզի Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջաններում ավելի քան 350 հազար խաղաղ բնակիչ կա։

Ռուսական զորքերը այժմ Դոնեցկի շրջանում առաջանում են հյուսիսից և արևելքից։ Տարածաշրջանի հյուսիսում հարձակման հիմնական ուղղությունը Սլավյանսկն է, շրջանի արևելքում ռազմական գործողություններ են ընթանում Սևերսկ և Բախմուտ քաղաքների մոտ։

Չնայած տարբեր ուղղություններով ռուսական ուժերի ինտեսիվ հարձակողական գործողություններին՝ ուկրաինական բանակին հաջողվել է հետ մղել ռուսների գրոհը Սլավյանսկի շրջանում և Խերսոնի մերձակայքում։ Սլավյանսկի շրջանում ռուսական հարձակողական ինտենսիվ գործողությունները շարունակվում են, սակայն ռուսական բանակն այստեղ վերջին մի քանի օրերին առաջխաղացում չի գրանցել։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով, Լիսիչանսկը վերահսկողության տակ վերցնելուց հետո ռուսական զորքերը փորձում են պայմաններ ստեղծել Դոնեցկի մարզի երեք քաղաքների՝ Բախմուտի, Սևերսկի և Սլավյանսկի վրա հարձակման համար։ Ուկրաինացի զինվորականներն իրենց հերթին կարողացել են վերականգնել վերահսկողությունը Դոնեցկի շրջանի գյուղերից մեկում և փոքր-ինչ առաջ գնալ Խերսոնի ուղղությամբ:

Բրիտանական ռազմական հետախուզության փորձագետները կարծում են, որ Սլավյանսկի համար ճակատամարտը կլինի հաջորդ խոշոր ռազմական գործողությունը Դոնբասում, ռուսական ուժերն այսօր գտնվում են Սլավյանսկից մոտ 16 կմ հյուսիս:

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետներն էլ համոզված են, որ եթե նույնիսկ առաջիկայում ռուսական ուժերը գրավեն ողջ Դոնցկի մարզը, Պուտինը միևնույն է կանգ չի առնելու։ Դա, ըստ էության, հաստատել է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ով երեկ ասել է, թե ռուսական ռազմական գործողությունը Ուկրաինայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հասել իր նպատակներին։ Նպատակները թվարկելիս Պատրուշևը կրկնել է Վլադիմիր Պուտինի փետրվարի 24 -ի հայտարարությունը, այսինքն վերստին խոսել է «դենացիֆիկացիայից» և ապառազմականացումից, ինչպես նաև Ուկրաինայի չեզոք կարգավիճակից։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստուտի զեկույցում կարդում ենք. «Պատրուշևի կողմից Պուտինի սկզբնական նպատակների հստակ ներկայացումը գրեթե հինգ ամիս անց ցույց է տալիս, որ Կրեմլը չի համարում Ռուսաստանի վերջին ձեռքբերումները Լուգանսկի շրջանում բավարար: Կրեմլը զգալի տարածքային պահանջներ ունի Դոնբասից դուրս և պատրաստվում է երկարատև պատերազմի».

Վերջին օրերին, մասնավորապես, ավելի ինտենսիվ են դարձել Խարկովի ռմբակոծումները։ Մինչև պատերազմը մեծամասամբ ռուսալեզու բնակչություն ունեցող Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է, թե ռուսների նկատմամաբ ամենալոյալ քաղաքնեից մեկը դժվար թե պատերազմից հետո այդպսիսին մնա. - «Ռուս ագրեսորը հանգիստ չի տալիս Խարկովին, ամեն օր մենք ունենում ենք մի քանի գնդակոծություն, ռմբակոծություն և իհարկե գլոբալ ավերածություններ։ Քաղաքում չկա մի տարածք, որը լիովին անվտանգ է։ Այսօր առավոտյան ժամը չորսին ավերվել է ևս մեկ դպրոց։ 110 դպրոց որոշ մասմաբ է ավերված։ Պատկերացրեք այս թվերը»։

Խարկովի քաղաքապետը հավելել է, թե Ռուսաստանի սահմանի մոտ գնվող քաղաքը անընդհատ ռմբակոծվում է և այս պայմաններում ռւոսների հետ ընկերության մասին խոսքն լինել չի կարող։ Այսօր, քաղաքապետի խոսքով, Խարկովի բնակիչները ռուսների նկատմամաբ ավելի ռադիկալ են տրամադրված, քան կենտրոնական կամ նույնիսկ արևմտյան Ուկրաինայի բնակիչները։ Տերեխովի խոսքով, նրանք սեփական մաշկի վրա են զգում այս պատերազմի ողջ սարսափը, նրանց աչքերի առջև զոհվում են նրանց հարազատներն ու հարևանները։

Իսկ պատերազմի ավարտը դեռ չի երևում, բանակցությունները վերսկսելու մասին այսօր չեն խոսում ոչ միայն Ուկրաինան ու Ռուսաստանը, այլև նախորդ ամիսներին երկու անգամ կողմերի հանդիպումը հյուրընկալած ու միջնորդական դեր ստանձնած Թուրքիան։

XS
SM
MD
LG