Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Բրիտանիան հայտարարել է ևս 1 միլիարդ ֆունտ ստերլինգ (1,2 միլիարդ դոլար) Ուկրաինայի զինված ուժերին տրամադրելու մասին: Այդ մասին ասված է չորեքշաբթի երեկոյան Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
«Բրիտանական զենքը, տեխնիկան և ռազմական ուսուցումը փոխում են Ուկրաինայի պաշտպանությունը այս ներխուժումից», - ասել է Ջոնսոնը՝ շարունակելով. - «Եվ մենք կշարունակենք ամուր կանգնել ուկրաինացի ժողովրդի թիկունքում՝ ապահովելու Պուտինի պարտությունը Ուկրաինայում»:
Հաղորդվում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն ուկրաինական բանակի մարտունակության ամրապնդման համար՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:
Այսպիսով, տարվա սկզբից Բրիտանիայից Ուկրաինային տրամադրվող տնտեսական ու ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 3,8 միլիարդ ֆունտ ստերլինգ։