Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցները խնդրահարույց են համարում վարչապետի ասուլիսի ձևաչափը, մի քանիսը բոյկոտում են


Մի խումբ լրատվամիջոցներ դատապարտում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր երեկոյան նախատեսված առցանց ասուլիսի ձևաչափը։

Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետն արդեն չորրորդ ասուլիսն է անցկացնում այս ֆորմատով։

Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերը վարչապետի աշխատակազմը խնդրում է ուղարկել նախապես, ինչից հետո դրանք խմբավորվում են, երբեմն խմբագրվում, և մեկնաբանն ընթերցում է ուղիղ եթերում։ Լրատվամիջոցները ոչ միայն զրկվում են հարցերն ուղիղ տալու, այլ նաև պատասխաններին արձագանքելու հնարավորությունից։ Նման ձևաչափով վարչապետի ասուլիսներ նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022թ. հունվարի 24-ին։

«Հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանդակությունը, կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։ Արդյունքում, ըստ էության, սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։

Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին։

Ուստի, հորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային, մանավանդ, որ նախկինում առկա՝ կորոնավիրուսային համավարակով պատճառաբանվող սահմանափակումները ներկայումս արդիական չեն», - ասված է հայտարարության մեջ, որին միացել է նաև «Ազատություն» ռադիոկայանը։

«Այն տպավորությունն է, որ ավելի շատ վարչապետը կենտրոնանում էր այն թեմաների և այն ասելիքի վրա, որն իրեն է պետք»

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ կենդանի ասուլիսից խուսափելու պատճառներից մեկն էլ , այդ թվում՝ հենց լրատվամիջոցների կողմից ամեն ինչ քաղաքական ակցիայի վերածելու փորձերն են։ Չնայած դրան խնդրահարույց է համարում Փաշինյանի ներդրած այս պրակտիկան ու հորդորում է վերադառնալ առավել ժողովրդավար ձևաչափի։

«Հիմնականում այն տպավորությունն է, որ ավելի շատ վարչապետը կենտրոնանում էր այն թեմաների և այն ասելիքի վրա, որն իրեն է պետք։ Մամուլի ասուլիսը ենթադրում է, որ պետք է նաև հանրության կողմից հնչող հարցերը լրատվամիջոցների խողովակով նույնպես դառնան քննարկման, բացատրությունների, մեկնաբանությունների առարկա», - նշեց նա։

«Ակնկալում ենք ավելի թափանցիկ և ավելի հաշվետվողական մոտեցում»

Հայտարարությանը միացած Փաստերի ստուգման հարթակի խմբագիր Հակոբ Կարապետյանը հաշվել է, որ վարչապետ Փաշինյանը 2019 թվականին 17 անգամ է հարցազրույց տվել, 2020-ին՝ 34, իսկ ահա 2021-ին՝ ընդամենը 5։ Ընդ որում, պաշտոնավարման առաջին տարիներին ասուլիսին ներկա են եղել դաշտում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ ասուլիսները մինչև հինգ-վեց ժամ են ձգվել։ Այս համատեքստում 2021 թվականից ներդրված այս նոր ձևաչափը Կարապետյանը լուրջ հետընթաց է որակում։

«Հայտարարության հիմնական իմաստը հետևյալն է՝ հեղափոխության արդյունքում ժողովրդական արժեքներ դավանող վարչապետից, համենայն դեպս այդ ժողովրդական արժեքները հռչակած որպես իր քաղաքականության ուղինիշներից մեկը՝ ժողովրդավարություն որպես բրենդ, ժողովրդավարության բաստիոն Հայաստանը, ակնկալում ենք ավելի թափանցիկ և ավելի հաշվետվողական մոտեցում այս հարցում, միջնորդավորված «ասուլիսը» հնարավորություն չի տալիս լրագրողին անմիջապես հարց հղել, և հընթացս նաև եթե կարիք կա, ճշգրտող հարցեր, որովհետև շատ ժամանակ փորձը ցույց է տալիս, սա ինչ ասում ենք, նախընթաց փորձի վրա է ամեն ինչ հիմնված», - նշեց Կարապետյանը։

30-ից ավելի լրատվամիջոցներ էլ առանձին հայտարարությամբ որոշել են ընդհանրապես բոյկոտել այսօրվա ասուլիսը և ոչ մի հարց չեն ուղարկել վարչապետի աշխատակազմ։ «Ազատությունն» այսօրվա ասուլիսի համար հարց ուղարկել է վարչապետին՝ հետաքրքրվելով, թե արդյոք իր համար ընտրված «կոմֆորտ» ասուլիսի ֆորմատը չի համարում հակաժողովրդավարական և արդյոք պատրաստվո՞ւմ է վերադառնալ ազատ շփման տարբերակին։

Լրատվամիջոցները խնդրահարույց են համարում վարչապետի ասուլիսի ձևաչափը, մի քանիսը բոյկոտում են
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

XS
SM
MD
LG