Մատչելիության հղումներ

Պատերազմն Ուկրաինայում երկարելու է, դա պատերազմ է, որն Ուկրաինան վարում է պարտադրված․ իրավապաշտպան


Ուկրաինան չպատերազմելու տարբերակ չունի, պարտադրված պատերազմ է, Ուկրաինան պաշտպանում է իր քաղաքացիներին, իր ինքնիշխանությունը և իր սահմանները, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով տևական ժամանակ լինելով Ուկրաինայում՝ վերջերս է վերադարձել Հայաստան։

Իրավապաշտպանը պատմում է՝ տեսել է ամբողջական ավերված, հիմնահատակ ավերված քաղաքներ` գեղեցիկ, ժամանակակից, եղբայրական գերեզմաններ՝ քաղաքացիական, սպանված երեխաներ։ «Եվ չունի Ուկրաինան հնարավորություն ո՛չ կանգնեցնելու այդ պատերազմը, ո՛չ որևէ այլ քայլ անելու, բացի դիմադրելուց», - ասաց Հարությունյանը։

Ընդգծելով, որ հավաքական Արևմուտքն այսօր աջակցում է Ուկրաինային՝ իրավապաշտպանը շեշտեց՝ հույս կա, որ Ուկրաինան մենակ չէ, մենակ չլինելը հույս է տալիս Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին, որ կկարողանան ապահովել հաջողություն՝ գոնե պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և իրենց տարածքային ամբողջականությունը։

Հարցին, թե ի՞նչ կնշանակի հաղթանակ որևէ կողմի համար, Հարությունյանը պատասխանեց՝ Ռուսաստանի համար հաղթանակը անեքսիայի ենթարկված Ուկրաինան է և ծնկի եկած Արևմուտքը, իսկ Ուկրաինայի մինիմում ծրագիրը՝ ստիպել որպեսզի Ռուսաստանը վերադառնա մինչև փետրվարի եղած դիրքեր, մաքսիմում ծրագիրը՝ դուրս մղել և՛ Ղրիմից, և՛ Դոնբասից ամբողջությամբ, և Ուկրաինայի սահմանները վերցնել սեփական վերահսկողության տակ։

«Այս երկու ծրագրերն են հայտարարել Ուկրաինայում։ Ըստ էության, Ուկրաինայի մինիմում ծրագիրն այնպիսին է, որ Ռուսաստանը, եթե հեռատեսություն ունենա, որպես փոխզիջումային տարբերակ, կարող է գնալ դրան, բայց, դատելով Պուտինի վերջին ելույթներից, նրանք պատրաստ չեն դրան։ Դա նշանակում է, որ պատերազմը երկարելու է, ցավոք, բայց դա Ուկրաինայի ընտրությունը չէ, դա պատերազմ է, որն Ուկրաինան վարում է պարտադրված», -ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG