Մատչելիության հղումներ

Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում կայուն իրավիճակ լինի. Պուտին


«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում կայուն իրավիճակ լինի», - երեկ երեկոյան ընդունելով Հայաստանի նախագահին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։ Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան», - ասել է Պուտինը:

«Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը», - Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպմանն ասել է նախագահ Խաչատրյանը՝ կարևորելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը:

«Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլ գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է», - ընդգծել է Խաչատրյանը:

Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահի և Կրեմլի պաշտոնական կայքերում Վահագն Խաչատրյանի հայտարարությունների տարբեր հատվածներ են մեջբերվել։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ Խաչատրյանը Պուտինին նաև ասել է, որ Հայաստանը ցանկանում էր ավելի վաղ դադարեցնել 44-օրյա պատերազմը։

«Իրականում մենք ուզում էինք ավելի վաղ կանգնեցրել, որևէ կերպ ավարտել պատերազմը, ես գիտեմ Ձեր ջանքերի մասին։ Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին։ Մենք այդ մասին խոսել ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ, երբ նա Երևանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին եղավ, բայց ամենակարևորը՝ պատերազմը կանգնեցվեց», - ըստ ռուսական կողմի ասել է Խաչատրյանը:

Հայաստանի նախագահի կայքում այս հատվածն արդեն բացակայում է, սակայն առկա է հայ-ռուսական եղբայրության մասին Վահագն Խաչատրյանի հայտարարությունը։

«Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է», - ասել է ՀՀ նախագահը:

Ռուսաստանի նախագահն էլ երեկ ընդգծել է՝ «Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է»:

Չորս ամիս առաջ նախագահ ընտրվելուց հետո Խաչատրյանը Պուտինին հանդիպում էր առաջին անգամ։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահին հանդիպելուց մեկ օր առաջ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հավաքին աղմկահարույց հայտարարություն էր արել՝ ասելով, որ ռուսական կողմն ընդունել է, թե թերացել է Արցախում իր խաղաղապահ առաքելությունն իրականացնելիս, երբ թույլ է տվել Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ուժերն առաջ գնան։

«Շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել, և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա», - ասել է նախագահը:

Նախագահ Վահագն Խաչատրյանը Ռուսաստանում է աշխատանքային այցով, նա մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:

Այս այցի ընթացքում Ռուսաստանի վերաբերյալ նախագահի որոշ հայտարարություններ, ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի՝ անհասկանալի են։

«Գիտենք, որ ռուսները բավականին զգայուն են Երևանից հնչող նման հայտարարությունների հանդեպ։ Հիշում ենք, որ Փառուխի դեպքերից հետո, երբ հայաստանյան տարբեր պաշտոնյաներ իրենց վրդովմունքն էին արտահայտում Փառուխի դեպքերի հետ կապված և մեղադրում էին նաև ռուսական կողմին, Ռուսաստանից բավականին գրգռված արձագանքներ էին լինում», - ասաց Գրիգորյանը:

Փակ հանդիպումներում նման հայտարարություններ անելը կարելի է հասկանալ, բայց դրանք հանրայնացնելը խելամիտ չէ, եզրափակում է քաղաքագետը։

XS
SM
MD
LG