Մատչելիության հղումներ

«Պետք է ավելի խորքային ուսումնասիրություն անեի, քան վստահեի, դա է եղել ամենամեծ խնդիրս». Տաթևիկ Ռևազյան


68-ամյա Միհրան Խաչատրյանն այսօրվանից ղեկավարում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Որոշումն այսօր ստորագրել է երկրի վարչապետը։

Մասնագիտությամբ օդաչու-ինժեներ Խաչատրյանը ոլորտի հնաբնակներից է, անցյալ տարվանից Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալն էր։ Ոլորտը շուրջ 4 տարի ղեկավարած 34-ամյա Տաթևիկ Ռևազյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հեռանում է պաշտոնից` չմանրամասնելով ինչու։

«Ազատության» հետ զրույցում ասաց՝ 2 կարևոր նպատակ է ունեցել՝ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել աշխարհի համար և ստեղծել ազգային փոխադրող՝ լոուքոսթ մոդելով։ Երկուսն էլ, ասաց, «արել եմ», այդ իսկ պատճառով հեռանում եմ ոլորտից:

Հարցին` իսկ բացթողումը կամ թերացումը ո՞րն է եղել, ասաց. «Շատ վստահեցի ի սկզբանե, որ իրավիճակը մեզ մոտ լավ է, որովհետև միջազգային Քաղավիացիան եկել էր, աուդիտ էր անցկացրել և լավ գնահատական էր տվել: Ես այդ թվերին վստահեցի, բայց պետք է ավելի խորքային ուսումնասիրություն անեի, քան վստահեի: Դա է երևի եղել իմ ամենամեծ խնդիրը»:

Կոմիտեի կանոնադրության 34 կետանոց գործառույթներից որևէ մեկում նշված չէ, որ Քաղավիացիայի ղեկավարի պարտականությունն է Հայաստան լոուքոսթեր բերելը կամ օդի հարկը հանելը, այս կարծիքին է ոլորտի նախկին պատասխանատու Շահեն Պետրոսյանը։ Նրա պնդմամբ՝ դա կոմերցիոն գործունեություն է, շահավետ կլինի, ավիաընկերությունները կգան Հայաստան չէ, չեն գա, դա ավելի շուտ օդակայանի գործառույթն է։

«Երազ» գործարան ունենք չէ՞ օրինակ, գնամ, «Մերսեդեսին» կամ BMW-ին խնդրեմ կամ «Տեսլա»-ին, Իլոն Մասկին խնդրեմ` իմ գեղեցիկ աչքերի համար, արի արտադրի «Երազում» քո մեքենաները: Տենց չի էլի, որ գեղեցիկ աչքերի համար մարդիկ կարող են որոշում ընդունել, մաքուր կոմերցիա է», - նշեց նա:

«Չի վերահսկել, իրեն չեն զեկուցել». Շահեն Պետրոսյան

«Երկիրը պետք է գրավիչ լինի ավիաընկերության համար, և ես ու իմ թիմը կարողացել ենք դա անել, որպեսզի նրանք գան, դա մեր ուղիղ գործառույթն էր, թե ոչ, երկրորդական է»,- հակադարձում է Ռևազյանը։ Իսկ Շահեն Պետրոսյանը հիշեցնում է՝ Քաղավիացիայի ղեկավարի բուն պարտականությունն էր, օրինակ, ամեն ինչ անել, որ Հայաստանը դուրս գար Եվրամիության սև ցուցակից, որ հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք նորից թուլատրվի: Պետրոսյանն ընդունում է՝ Եվրամիության սև ցուցակում հայտնվելու պատճառները ծագել են մինչև Ռևազյանի նշանակումը, բայց դա արդարացում չէ, ասաց:

«Նա չի արել ոչ մի բան, որի պատճառով Հայաստանը մտավ սև ցուցակի մեջ Եվրամիության կողմից, իր ժամանակ չի եղել, իրենից առաջ է եղել, բայց իրենից առաջ ինչ որ եղել է, ինքը պետք է մի հատ սաղ ստուգեր: Չի վերահսկել, իրեն չեն զեկուցել, արհամարհել են միգուցե, որովհետև դա կոռուպցիոն սխեմաների մեջ է եղել, և իրեն ոչ ոք տեղյակ չի պահել` ինչեր են արվել մինչև իր նշանակումը», - կարծում է Պետրոսյանը:

«Սև ցուցակից պետք է հանել Հայաստանը, ամեն ինչ պետք է անել»

Իսկ շանսեր կա՞ն, որ ՀՀ-ն ԵՄ ցուցակից դուրս կգա, «Ազատությունը» հետաքրքրվեց Շահեն Պետրոսյանից, ասաց. «Սև ցուցակից պետք է հանել Հայաստանը, այսինքն` ամեն ինչ պետք է անել: Կախված է այս նոր երկու ընկերությունները, որ կան` Fly One և Fly Arna, եթե իրենց լավ դրսևորեն, հա, շանսեր կան, որ սև ցուցակից դուրս կգանք: Սև ցուցակից այն նախկին ավիաընկերությունները, որ գրանցվել են թղթի վրա, դրանք չեն վերականգնվի, բայց Fly One-ը և Fly Arna-ն, երևի, ըստ երևույթին, նորմալ թռիչքներ կիրականացնեն»:

«Շատ լուրջ փաթեթ է ներկայացվել կառավարություն». Ռևազյան

Հեղափոխությունից հետո Քաղավիացիայի ղեկավար նշանակված Տաթևիկ Ռևազյանն իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում է մշակած այն փաթեթեը, որը ներկայացրել է վարչապետին։ Դրանք, ըստ նրա, թռիչքային անվտանգության և երիտասարդներին ոլորտ ներգրավելու հետ են կապված։ Փոփոխությունների այդ փաթեթում առաջարկել է վերահսկողությունից բացի որոշ ծառայություններ դարձնել վճարովի ինչպես ամբողջ աշխարհում, օրինակ՝ ավիաընկերություններ գրանցելը, օդանավակայանի սերտիֆիկացման ընթացքը և այլն։ Գոյացած գումարն էլ, ասաց, կուղղվի աշխատավարձերի բարձրացմանը, բայց պետությունն էլ պետք է ներդրում անի կադրեր պատրաստելու համար:

«Բոլոր արձանագրված խնդիրներն իրականում համարյա լուծված են փաստաթղթային, իսկ ինչը մնում է արդեն, գրավիչ դառնալ երիտասարդների համար, մասնագետների համար, որ ուզենան աշխատել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, իսկ այդտեղ շատ լուրջ փաթեթ է ներկայացվել կառավարություն, որը նպաստելու է նրան, որ մենք կարողանանք աշխատավարձերը բարձրացնել, ծառայությունների համար պիտի գումար գանձենք և այդ գումարով պիտի կարողանանք աշխատավարձերը բարձրացնենք և ներդրում անենք շատ թանկարժեք վերապատրաստումների, որովհետև ավիացիայում ընդհանրապես վերապատրաստումները շատ թանկ են: Եվ դա երբ ընդունվի, կլինի ամենամեծ փոփոխությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և ընդհանրապես ավիացիայի ոլորտին, որովհետև դա ճիշտ հիմքը կստեղծի ոլորտը կառուցելու», - ասաց նախկին պաշտոնյան:

Իսկ շահարկումները, որ աշխատանքային 4 տարիների ընթացքում նա հիմնականում ֆիզարձակուրդում է եղել, Տաթևիկ Ռևազյանը հեգնանքով ընդունեց, ասաց՝ հենց այդ ժամանակահատվածում է ամենաարդյունավետն աշխատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG