Մատչելիության հղումներ

Տարածաշրջանը մարտահրավերներով լի է․ Գրիգորյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին


Դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, այսօր Երևանում, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին, ասել է Արմեն Գրիգորյանը։

Հայաստանի ԱԽ քարտուղարն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող։

«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանությամբ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող»

ՀԱԿՊ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը, Երևան, 17-ը հունիսի, 2022թ․
ՀԱԿՊ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը, Երևան, 17-ը հունիսի, 2022թ․

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը։ Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։

Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 26, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։

44-օրյա պատերազմից հետո` հայ-ադրբեջանական հաղորդակցական ուղիների վերագործարկմանն անդրադառնալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչին ի պատասխան պաշտոնական Երևանը արձագանքել է, թե ճանապարհները չեն կարող բացվել «միջանցքային տրամաբանությամբ»՝ շեշտելով, որ դա կարմիր գիծ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, իսկ ճանապարհների բացումը քննարկվում է երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։

«Հակամարտությունը դեռևս լուծված չէ»

ՀԱԿՊ ԱԽ քարտուղարները կոմիտեի հերթական նիստից հետո, երևան, 17-ը հունիսի, 2022թ․
ՀԱԿՊ ԱԽ քարտուղարները կոմիտեի հերթական նիստից հետո, երևան, 17-ը հունիսի, 2022թ․

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ԱԽ քարտուղար նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Բաքուն պատերազմից հետո պարբերաբար պնդում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, իսկ նախագահ Ալիևն էլ մի քանի անգամ թոշակի է ուղարկել համանախագահներին։

Նեղ և ընդլայնված կազմով նիստերին քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG