«Ամաչեք մահանալ, քանի դեռ մարդկության համար որևէ բան չեք արել», - ամերիկացի մանկավարժ Հորաս Մաննիի այս խոսքերով այսօր Երևանում հայաստանցի շրջանավարտներին դիմեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը։
«Եթե ես հաջողել եմ, դուք էլ, միանշանակ, կարող եք։ Մրցանակների տեսքով գնահատականները հաջողության միայն մի կողմն են, ինձ համար հաջողությունը սիրածս գործով զբաղվելն է՝ փորձելով դա անել լավագույնս», - հայտարարեց Փաթափությանը։
Այս օրերին Երևանում գտնվող հայազգի գիտնականը բժշկագիտության ոլորտում նոբելյան մրցանակը կիսում է ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Ջուլիուսի հետ։ Նրանց հայտնագործությունը նկարագրելիս՝ անցած տարի Նոբելյան կոմիտեն գրել էր. - «Այս երկու գիտնականները տվել են մարդու օրգանիզմի վերաբերյալ ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ «ինչպե՞ս ենք մենք զգում մեր շրջակա միջավայրը»։ Նրանց հայտնագործությունը ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ է։
Փաթափությանը ծնվել է Բեյրութում, այնուհետև Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ սկսել է զբաղվել գիտությամբ։ Բացի Նոբելյան մրցանակից նա գիտական մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։
55-ամյա գիտնականն այսօր Ամերիկյան համալսարանում մասնակցում էր շրջանավարտներին ավարտական միջոցառմանը։ Նա երիտասարդներին կոչ արեց լայնախոհ ու համարձակ լինել՝ շեշտելով հավակնություններն ու պրակտիկ գիտելիքները պետք է լրացնեն իրար. - «Բարձր խնդիրներ սահմանեք, բայց միայն նախապատրաստվելուց հետո։ Գնացեք Էվերեստ, բայց իրատեսական պլանավորմամբ ու լավագույն ժամանակ»:
«Կարծում եմ իմ նման մարդիկ պետք է ավելի հաճախ ձեզնից խորհուրդներ հարցնեն, ձեր լուսավոր ուղեղները շատ կարևոր ու արժեքավոր են։ Դուք չպետք է վախենաք խոսելուց՝ ձեր առանձնահատուկ տեսակետը ներկայացնելուց, հատկապես այն վայրերում, որտեղ բազմաթիվ՝ ձեզնից ավելի փորձառու մարդիկ կան», - ասաց գիտնականը:
Փաթափությանը Երևանում է լինելու ևս մի քանի օր և այս ընթացքում մասնակցելու է գիտական միջոցառումների։