Մատչելիության հղումներ

Հակասություններ ԱՄՆ-ում զենքի խստացումների մասին օրինագծի շուրջ. Սենատի հանրապետականները դեմ են փոփոխություններին


ԱՄՆ, Տեքսաս նահանգ - Յուվալդիում սգում են դպրոցի վրա զինված հարձակման զոհերի համար, 27-ը մայիսի, 2022թ.
ԱՄՆ, Տեքսաս նահանգ - Յուվալդիում սգում են դպրոցի վրա զինված հարձակման զոհերի համար, 27-ը մայիսի, 2022թ.

Նյու Յորքում և Տեքսասում 31 մարդու, այդ թվում՝ 19 երեխայի կյանք խլած զանգվածային հրաձգություններից շաբաթներ անց ԱՄՆ ներկայացուցիչների պալատն օրերս ընդունեց զենքի խստացումների և վերահսկողության մասին օրինագիծը։ Օրինագիծը ընդունվեց դեմոկրատների ձայների առավելությամբ՝ 223-204 հարաբերակցությամբ։

Սակայն այն օրենք դառնալու գրեթե ոչ մի շանս չունի, քանի որ ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի՝ Սենատի հանրապետականները դեմ են փոփոխություններին։ Հանրապետականները փոխարենն այժմ բանակցություններ են վարում հոգեկան առողջության ծրագրերի բարելավման, դպրոցների անվտանգության ամրապնդման և հրազենի անվտանգության ստուգումների ուժեղացման շուրջ:

Տեքսասի Յուվալդի քաղաքում 19 երեխայի և երկու ուսուցչի կյանք խլած զանգվածային հրազենային հարձակումից երկու շաբաթ անց ամերիկացի օրենսդիրները մինչև քվեարկությունը լսել են ողբերգությունը վերապրած երեխաների և ծնողների վկայությունները։

«Ես աղջկաս թողեցի այդ դպրոցում և այդ որոշումը տանջելու է ինձ ողջ կյանքիս ընթացքում», - ԱՄՆ-ի օրենսդիրներին պատմել է Յուվալդի քաղաքի զանգվածային հրազենային հարձակման զոհերից մեկի մայրը՝ Կիմբերլի Ռուբիոն:

Կոնգրեսականներին իրենց տեսածը պատմել են նաև զարհուրելի հարձակումը վերապրած երեխաները։ Նրանցից մեկը՝ Միա Սերրիյոն նախօրոք ձայնագրված տեսանյութում ասում է, որ ստիպված էր սպանված դասընկերուհու արյունը իր հագուստի վրա քսել, որպեսզի հարձակվողը կարծի, որ ինքն էլ է սպանվել. - «Նա ուղիղ դասընկերուհուս վրա կրակեց, որն իմ կողքին էր։ Եվ ինձ թվաց, որ էլի կվերադառնա մեր դասարան։ Այդ պատճառով ես ընկերուհուս արյունը ինձ վրա քսեցի... »:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները շաբաթասկզբին՝ նախքան զենքի մասին օրինագծի քվեարկությունը՝ հավաքվել էին հրազենային բռնությունների զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ։

«2019-ին Միացյալ Նահանգներում հրազենից 17 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան G-7-ի երկրներից որևէ մեկում։ Մենք միայնակ ենք զանգվածային հրազենային հարձակումների դեմ այս պայքարում։ Այլ երկրներ զենքի անվտանգությունն ապահովող խելամիտ օրենքներ են ընդունում և պաշտպանում իրենց երեխաներին: Եվ ոչ մի երկրում զանգվածային հրազենային հարձակումների թիվը այնքան մեծ չէ, որքան մեզ մոտ», - հայտարարել է ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Քերոլին Մալոնին։

Սակայն զենք կրելու սահմանադրական իրավունքի կողմնակիցները պնդում են, որ խստացման օրինագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, այդ թվում՝ հրազեն վաճառող խանութների թվի սահմանափակումները, ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի:

«Հրազեն սովորաբար ձեռք են բերում օրինապաշտ քաղաքացիները՝ ազնիվ նպատակներով: Զենքի արգելքի կամ խստացումների վերաբերյալ մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրազենային բռնությունների մակարդակի նվազեցման գործում առաջարկվող փոփոխություններով փաստացի հաջողության հասնելը անհավանական է: Ուստի, զանգվածային հրազենային հարձակումների դեմ պայքարում՝ զենքի սահմանափակումներով փաստացիորեն անհնար է կյանքեր փրկել», - կարծում է ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամից Էմմի Սվերերը:

Հանրապետականները պնդում են՝ զենքից օգտվելու կանոնների ուսուցումը կարող է ավելի շատ կյանքեր փրկել

Թեև հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը կողմ է խստացումներին՝ հանրապետական օրենսդիրները պնդում են, որ դպրոցների անվտանգության ուժեղացումը և զենքից օգտվելու կանոնների ուսուցումը կարող է ավելի շատ կյանքեր փրկել:

«Զենք կրող օրինապահ քաղաքացիները իրենց, իրենց ընտանիքներին և իրենց համայնքներին բռնությունից պաշտպանելու իրավունք ունեն: Սահմանադրության երկրորդ լրացումը կարևոր գործիք է, որը ապահովում է ինքնապաշտպանության մեր իրավունքը», - ասում է հանրապետական կոնգրեսական Ջեյմս Քոմերը։

Զենքի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը ընդունելու համար Սենատի դեմոկրատները պետք է համաձայնության գան հանրապետականների հետ, որոնց մեծ մասը աջակցում է Միացյալ Նահանգներում զենքի ամենախոշոր լոբբիստական կազմակերպությանը՝ «Հրազենի ազգային ընկերակցությանը», ինչպես նաև՝ զենք արտադրող ընկերություններին և զենք կրելու իրավունքի պաշտպանությամբ զբաղվող այլ լոբբիստական խմբերին։

Եթե դեմոկրատներին հաջողվի Սենատում ստանալ տասը հանրապետական սենատորների ձայները և ներկայիս օրինագիծը դառնա օրենք, այն հնարավոր է ներառի AR-15 տիպի հրաձիգ կրելու իրավունքի խստացումը, որի արդյունքում նման հրազեն կրելու նվազագույն տարիքը 18-ից կդառնա 21։

Տեքսասի Յուվալդի քաղաքում 18-ամյա երիտասարդը հենց AR-15 տիպի զենքով էր կրակել երեխաների վրա։

XS
SM
MD
LG