Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը ցանկանում է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբայի հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, Ջիդդա, արխիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, Ջիդդա, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանին և թագավոր Սալմանին:

Այդ այցը համարվում է կարևոր քայլ երկու երկրների լարված հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան հարաբերությունների նոր էջ են բացելու:

Թագավոր Սալմանը նախագահ Էրդողանին ընդունել է Սաուդյան Արաբիայի տնտեսական կենտրոն համարվող Ջիդդա քաղաքի ալ-Սալամ պալատում: Էրդողանը թագավոր Սալմանի հրավերով է մեկնել Սաուդյան Արաբիա:

Դրանից հետո տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար, թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը:

Երկու երկրների հարաբերություններում աննախադեպ ճգնաժամ է առաջացել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունից հետո:

Ենթադրվում է, որ լրագրողին հատուկ վարձու մարդասպանները սպանել են թագաժառանգի պատվերով: Թագաժառանգը հերքում է մեղադրանքը:

Վերլուծաբանների համոզմամբ, Էրդողանը ցանկանում է վերականգնել կապերը Սաուդյան Արաբիայի հետ, քանի որ այդ հարուստ երկիրը կարող է ներդրումներով աջակցել տնտեսական անկման և սղաճի փուլում հայտնված Թուրքիային:

Հաջորդ տարի Էրդողանը պայքարելու է վերընտրվելու համար, և վերլուծաբանները ենթադրում են, որ այդ պայքարը ծանր է լինելու:

XS
SM
MD
LG