Մատչելիության հղումներ

Լին Թրեյսին ու Մհեր Գրիգորյանը քննարկել են ԱՄՆ աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները։

Դեսպանն ու փոխվարչապետը քննարկել են նաև ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրանից բխող խնդիրների բանակցային և տևական կարգավորմանը, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

Մայիսի վերջին դեսպանը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Լավրովի խոսքով՝ Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։

Այդ հայտարարությունից հետո, այդուհանդերձ, թե՛ Ֆրանսիան և թե՛ Միացյալ Նահանգները հայտարարեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։
XS
SM
MD
LG