Մատչելիության հղումներ

ԱՄՆ, ՌԴ ու ԵՄ դեսպանների այցը Սյունիք կապված է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման հետ


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դեսպանների այցը Սյունիքի մարզ կապված է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման հետ, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ վերլուծաբանի, Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարներն առարկայական քննարկում են ունեցել տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի շուրջ։

Դեսպանները, ըստ Բադալյանի, հենց այդ պատճառով են Սյունիք գնացել. - «Կարծում եմ, էդ բավական արագ արձագանք-այցերը խոսում են այն մասին, բրյուսելյան հարթակում այդուհանդերձ եղել են առարկայական քննարկումներ այդ հարցերի շուրջ։ Եվ դեսպանների արձագանքը առանցքային երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դեսպանների արձագանքը թերևս ունի, էսպես պատկերավոր ասեմ, տեղում հողը շոշափելու և չակերտավոր դիվանագիտական հետախուզության նպատակ։ Իհարկե այստեղ կա նաև ռազմավարական մրցակցության խնդիրը, երբ Միացյալ Նահագների դեսպանն է այցելում, Ռուսաստանի դեսպանն է այցելում»։

Հայաստանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դեսպանները, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Սյունիք են այցելել տարբեր առիթներով, բայց՝ նույն օրը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն ու ԵՄ երկրների դեսպանները Գորիսում մայիսի 24-ին մասնակցել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների 30-ամյակին նվիրված ընդունելությանը։

Անցած տարի մայիսին ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո սա ԵՄ պատվիրակության ղեկավարի արդեն չորրորդ այցն է Սյունիք։ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էլ է այս ընթացքում չորս անգամ այցելել Սյունիք։ Դեսպանատունը շեշտել է, որ Սյունիքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետին՝ անվտանգային իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով։

Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, դեսպանն ասել է, որ հիմա մարտահրավերներով լի շրջան է մարզի համար, և դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին ամերիկյան ներդրումների համար. - «Մարզպետը նաև կարևորեց դեսպանի պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է»։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեկ Կոպիրկինը այցի ընթացքում հանդիպել է Տեղ համայքնում և Կապանի օդանավակայանում տեղակայված գտնվող ռուս սահմանապահներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը՝ հավելելով, որ Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է տվյալ հատվածի սահմանային օպերատիվ իրավիճակին։

Հակոբ Բադալյանը կասկած չունի, որ պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքը խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում է, որոնք այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունեն:

Եվ այդ հետաքրքրությունը, ըստ Բադալյանի, միայն հայ-ադրբեջանական գործընթացներով պայմանավորված չէ. - «Պայմանավորված է ոչ միայն զուտ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման կամ կառավարման հանգամանքներով, այլ մերձավորարևելյան ռեգիոնի վրա նաև ազդեցությամբ, և մասնավորապես, էդ համատեքստում Իրանի հանդեպ քաղաքականության և Իրանի շուրջ իրողությունների առումով»։

Սյունիքյան այցից հետո այսօր Երևանում վարչապետը ԱՄՆ դեպսանին է ընդունել։ Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Լին Թրեյսին, ըստ կառավարության, վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը:

XS
SM
MD
LG