Մատչելիության հղումներ

​​​​​​​Իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսության եզրեր այս պահին չեն տեսնում


Իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսության եզրեր այս պահին չեն տեսնում․ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներից հանրապետական Հայկ Մամիջանյանն այսօր ասաց՝ ինչպես նախկինում են հայտարարել՝ պատրաստ են քննարկել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մանրամասները։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

«Դրա մասին հայտարարվել է անցած տարվա աշնանը՝ խորհրդարանում։ Իհարկե կա բանակցությունների հնարավորություն Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր հրաժարականի տեքստի նյուանսների մասին, միակ եզրույթը, որի մասին կարելի է Փաշինյանի հետ բանակցել։ Փաշինյանի հետ թող բանակցեն Ալիևը, Էրդողանը, մենք նման պլաններ չունենք։ Ես համարում եմ, որ Հայաստանում ոստիկանապետություն հաստատել հնարավոր չի լինի, և միշտ ուժը ծնում է հակազդեցություն․ ինչքան շատ մեզ փորձեն ջարդել, էդքան շատանալու ենք», - ասաց Մամիջանյանը։

Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է՝ ընդդիմադիրները պետք է դարձի գան, և խորհրդարանում շարունակեն իրենց աշխատանքը:

Հրաչյա Հակոբյան
Հրաչյա Հակոբյան

«Իրենք թող մտածեն հանգուցալուծման մասին, որովհետև ժողովրդի կողմից որևէ աջակցություն չկա իրենց միջոցառումների, ընդհակառակը՝ ժողովուրդն ավելի հիասթափվում է իրենցից, երբ տեսնում է, որ իրենք մի բան էլ քարերով հարվածում են ոստիկաններին։ Ես հիասթափվել մեղմ եմ ասում։ Նրանք նեղացած են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և հիմա մուռ են հանում։ Իրենք պետք է դարձի գան, պետք է խորհրդարան վերադառնան, այլ տարբերակ չկա, և պետք է խորհրդարան վերադառնալուց հետո հասկանան, թե ոնց են ընդհանրապես մեզ հետ աշխատելու, որովհետև ես, էլի եմ ասում, մեր աշխատանքն ուղղված է ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների, իրենց աշխատանքը մինչ օրս շարունակում է մնալ՝ որքան վատ Հայաստանի քաղաքացիների համար, այնքան լավ իրենց համար», - ասաց իշխանական պատգամավորը։

Ընդդիմության ներկայայցուցիչները իշխանություններին են մեղադրում երեկ Պռոշյան փողոցում բախումների համար, նշում են՝ գործել են սադրիչներ, իսկ ոստիկաններն էլ տուժել են իրենց իսկ կիրառած լուսաձայնային նռնակներից:

Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի, իշխանության երեկվա արձագանքը ժողովրդավարության սկզբունքներին համահունչ չէր:

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

«Այն, ինչ երեկ իրականացավ, կատարվեց, դա այս իշխանության հերթական պարտությունն էր։ Այս իշխանությունը, երբ աշխարհով մեկ թմբկահարում էր, թե ինքը ժողովրդավարական բաստիոն է, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը ժողովրդի նկատմամբ ուժ չի կիրառում, երեկ բացվեց նաև նրա հերթական սուտն ու կեղծիքը՝ արդեն նաև որպես իշխանություն», - ասաց Մինասյանը։

Հրաչյա Հակոբյանը հակադարձում է՝ ոստիկանությունը սկսել է հատուկ միջոց կիրառել, երբ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, իսկ Ժողովրդավարության հետ աղերս չունի ոչ թե իրավապահների և կառավարության պահվածքը, այլ ընդդիմադիրների գործողությունները։

«Եթե իրենց ընկալմամբ, ժողովրդավարությունը նա է, որ ժողովուրդը պետք է քարերով հարվածի ոստիկաններին, և շուրջ 60 տուժողներից մոտ 39-ը ոստիկաններ են, այսինքն՝ մեծ մասը երեկվա բախումներից տուժել են ոստիկանները, ապա իրենց պատկերացրած ժողովրդավարությունը սխալ կոնցեպտ է, սխալ մոտեցում է։ Իրենց ձեռագիրը չի փոխվել, սկսած առաջին օրվանից՝ դիմել են տարբեր բռնությունների՝ Սոս Ջանիբեկյանի վրա հարձակում, Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակում, Գյումրիի պապիկների վրա հարձակում, երեկ արդեն ոստիկանների նկատմամբ բռնություն՝ քարեր նետել ոստիկանների նկատմամբ։ Իրենք ոչ մի բան չէին արել ոստիկանությունն էլ հատուկ միջոց կիրառե՞ց, բա մինչև հիմա ինչի՞ չէր կիրառում հատուկ միջոց ոստիկանությունը։ Պարզ է չէ, որ քարերով սկսեցին հարվածել, հայհոյել ոստիկաններին․ ներողություն, սա պետություն է և ժողովրդավար պետություն է», - ասաց Հակոբյանը։

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմությունը մայիսի 1-ից փակ է պահում Ֆրանսիայի հրապարակը, պնդում են, որ գործող իշխանությունները պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իշխանությունից չեն ընդունում այս մեղադրանքը, նաև հայտարարում են, որ վարչապետի հրաժարականի հարց ընդհանրապես չեն քննարկում։ Ավելի քան մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունը երեկ առաջին անգամ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

XS
SM
MD
LG