Մատչելիության հղումներ

Ի՞նչ է Կապիկի ծաղիկը


Մայիսի կեսերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնեց Աֆրիկայից դուրս գրանցված Կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի մասին: Արդեն իսկ հիվանդության հարյուրից ավելի դեպք է հաստատվել ավելի քան մեկ տասնյակ երկրներում՝ Եվրոպայում՝ Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում:

Հաշվի առնելով քովիդի փորձը՝ շատերի մոտ է մտավախություն առաջանում՝ արդյոք Կապիկի ծաղիկը սպառնում է դառնալ մի նոր համավարակ:

Ի՞նչ է Կապիկի ծաղիկը

Կապիկի ծաղիկը վԻ՞նչ է Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է 1958 ին կապիկների մոտ: Սակայն դա չի նշանակում, որ դրանով միայն կապիկներն են հիվանդանում, կամ որ այն մարդուն է փոխանցվում միայն կապիկներից: Վիրուսը փոխանցում են ոչ միայն և ոչ այնքան պրիմատները, որքան տարատեսակ վայրի կրծողները, ասենք՝ առնետները կամ սկյուռները:

Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Դրանից հետո հիվանդության դեպքերը հիմնականում գրանցվել են Կենտրոնական և արմտյան աֆրիկայի մեկ տասնյակ երկրներում, որ մոտ են հիվանդության բնօրրանը համարվող տրոպիկական անտառներին։

Կապիկի ծաղիկը վիրուսների նույն ընտանիքում է, ինչ պատվաստումներով հաղթահարված խիստ մահացու Բնական Ծաղիկ հիվանդությանը, բայց ի տարբերություն անցած դարերում միլիոնավոր մարդկանց կյանք խլած Ծաղիկ հիվանդության՝ Կապիկի ծաղիկն ավելի մեղմ ընթացք ունի և մոտ 10 անգամ ավելի պակաս մահացու է:

Ինչո՞ւ է այս վերջին բռնկումը ուշադրության արժանացել

Մինչ այս Կապիկի ծաղիկը հանդիպում էր միայն իր բնօրրանում, իսկ Աֆրիկայից դուրս գրանցված փոքրաթիվ դեպքերը կապված էին Աֆրիկա այցելած զբոսաշրջիկների կամ այնտեղից ներկրված կենդանիների հետ: Այս բռնկումը, սակայն, տարբերվում է նախորդներից․ առաջին անգամն է, որ Աֆրիկայից դուրս գրանցված Կապիկի ծաղիկով հիվանդները կապ չեն ունեցել Աֆրիկայի հետ: Հիվանդներից միայն մեկն է, որ ճամփորդել է Աֆրիկա, մյուսների դեպքում ո՛չ Կենտրոնական, ո՛չ արևմտյան աֆրիկայի հետ առնչություն չի եղել։ Շատ դեպքերում դեռ պարզ չէ, թե ինչպես են մարդիկ վարակվել:

Ինչպե՞ս է փոխանցվում Կապիկի ծաղիկը

Կապիկի ծաղիկը սովորաբար և ավելի հաճախ փոխանցվում է կենդանուց մարդուն, եթե մարդը շփվում է հիվանդ կենդանու հետ, կամ վարակված կենդանին օրինակ կծում է մարդուն, կամ մարդն օգտագործում է այդ կենդանու միսն ու մորթին:

Մարդուց մարդ փոխանցումն ավելի քիչ է հանդիպում, այս դեպքում հիվանդությունը կարող է փոխանցվել սերտ շփումների, համբույրի, սեռական հարաբերությունների կամ հիվանդի կողմից օգտագործված անկողնային պարագաների ու սրբիչների միջոցով: Հնարավոր է նաև օդակաթիլային փոխանցում՝ եթե հիվանդը առողջ մարդու վրա հազա կամ փռշտա:

Հնարավո՞ր է հիվանդության արագ տարածում ինչպես քովիդի դեպքում

Ո՛չ, հնարավոր չէ, համենայն դեպս Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն են պնդում: Ի տարբերություն քովիդի, որ օդակաթիլային ճանապարհով շատ արագ է տարածվում, և անգամ նույն սենյակում գտնվելու դեպքում հնարավոր է վարակվել, Կապիկի ծաղիկը փոխանցվում է միայն սերտ և երկարատև շփումների դեպքում: Տարբերությունն այն է, որ կորոնավիրուսը թեթև և վերարտադրության պարզ համակարգ ունեցող վիրուս է, իսկ Կապիկի ծաղիկը ամենախոշոր վիրուսներից է, և ունի վերարտադրության ավելի բարդ համակարգ։

Որո՞նք են ախտանշանները

Կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով ու մկանացավով, լիմֆատիկ հանգույցների այտուցով, ապա բշտիկներ են առաջանում դեմքի, ձեռքերի, հետո նաև ամբողջ մարմնի վրա: Մինչ այդ գաղտնի շրջան է, որ կարող է տևել 5-21 օր (ավելի հաճախ՝ 6-13 օր):

Որքանո՞վ է մահացու հիվանդությունը

Սովորաբար հիվանդությունը տևում է 2-4 շաբաթ և անցնում է ինքնիրեն՝ առանց հատուկ բուժման: Կապիկի ծաղիկը առավել վտանգավոր է նորածինների, երեխաների, հղիների և թույլ իմունիտետ ունեցողների համար: Մահվան կարող են հանգեցնել նաև հիվանդության հետևանքով առաջացած բարդացումները՝ թոքաբորբը, սեփսիսը, էնցեֆալիտը:

Այժմ ԱՀԿ-ն մահացության ցուցանիշը միջինում 3-6 տոկոս է գնահատում, ընդ որում ՝ կենտրոնական աֆրիկայում հանդիպող շտամն ավելի վտանգավոր է՝ 10 տոկոս մահացության ցուցանիշով, իսկ արևմտյան աֆրիկայի շտամը ավելի թեթև է՝1-3.6 տոկոս: Ներկայիս դեպքերը, որ հաստատվում են աֆրիկայից դուրս, թեթև շտամին են պատկանում:

Գոյություն ունի՞ դեղամիջոց կամ պատվաստանյութ

Հատուկ Կապիկի ծաղիկ հիվանդության դեմ դեղամիջոց կամ պատվաստում չկա, բայց դրա դեմ կիրառվում են բնական ծաղիկ հիվանդության դեմ գոյություն ունեցող պայքարի միջոցները՝ թե՛ պատվաստանյութերը, թե՛ դեղամիջոցը։

Արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ախտորոշել հիվանդությունը

Այո՛, կասկածի դեպում հնարավոր է ախտորոշել հիվանդությունը, հայտարարում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ արդեն զգուշացրել է բուժհաստատություններին, որ ուշադիր լինեն ատիպիկ ցանավորման դեպքերին:

XS
SM
MD
LG