Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են նաև բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Ընդգծելով պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ ներկայացուցիչն այսօր մտքեր են փոխանակել նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։ Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։
Տոյվո Կլաարն այս Երևանում հանդիպել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին, փոխանցում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։