Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ռուսական РИА Новости գործակալության հետ զրույցում, կոչ է արել մեծացնել ռուս խաղաղապահ կոնտինգենտը Արցախում։
«Մենք կարծում ենք, որ ռուսական զորամիավորման քանակն անհրաժեշտ է ավելացնել, ինչպես նաև ընդլայնել դրա լիազորությունները», - ասել է Բեգլարյանը:
Նա հիշեցրել է, որ պատերազմից հետո շփման գիծը 2.5 անգամ երկարել է ու Ադրբեջանին մեղադրել սադրանք հրահրելու համար:
Լեռնային Ղարաբաղի պետնախարարը ռուսական լրատվամիջոցին ասել է, թե տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը հնարավոր չէ, քանի որ Բաքվի և Ստեփանակերտի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են: