Վաղը Մոսկվայում կայանալու է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա հունվարին Մոսկվայում: Նախորդը դեկտեմբերին էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել խմբի աշխատանքները։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք օրերս հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։