Սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ սահմանային լարվածության ֆոնին արդյոք բանակցությունները շարունակվելո՞ւ են։
Սյունիքում նախորդ շաբաթվա վերջին սահմանային լարվածության հետևանքով սպանվեց շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, որ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ։
Հանձնաժողովներում նախագահող երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ճիշտ մեկ շաբաթ առաջ՝ Երասխի ուղղությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Այդ օրը տարածված հաղորդագրության մեջ ասվում էր՝ «նրանք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու ինչպես սահմանազատման, այնպես էլ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ»։
Ինչպես հայտնի է, սահմանազատման հարցերից բացի, երկկողմ հանձնաժողովը նաև սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու համար ստեղծվեց։
Հայտարարվեց, որ հանձնաժողովականների հաջորդ հանդիպումը Մոսկվայում է անցկացվելու այս շաբաթ, բայց Արման Սարգսյանը, որն ընդգրկված է այդ հանձնաժողովում, հանդիպման կոնկրետ օր չնշեց։ Միայն վստահ էր, որ այն տեղի կունենա։
«Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցությունները ամենալավ լուծումն է բոլոր առումներով, այսինքն՝ ամենավատ բանակցությունն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունը», - ասաց նա։
Ո՞ր թվականի քարտեզներով է հայկական կողմը պատրաստվում բանակցել Ադրբեջանի հետ. Ազգային ժողով նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցելու եկած թե՛ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, թե՛ ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը կոնկրետ պատասխան չտվեցին։
«Հարցեր են, որոնք պետք է քննարկվեն, մեկ հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական, հերթական անելիքները պլանավորելու վերաբերյալ հարցեր, մասնավորապես ինչ ընդհանուր քննարկում տեղի ունենա և հրապարակման ենթակա լինի, անպայման դրա մասին կխոսվի», - նշեց Արման Սարգսյանը։
«Տարբեր, ինչքան քարտեզ ունեն, դնելու են, աշխատեն», - ասաց Արամ Հակոբյանը։