Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանն անթույլատրելի է համարում Փաշինյանի հայտարարությունը, թե հաստատված 39 հայ գերի է պահվում Ադրբեջանում


Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը անթույլատրելի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունը, թե հաստատված 39 հայ գերի է պահվում Ադրբեջանում։

Վարչապետը, ըստ Սահակյանի, ոչ թե պաշտոնական Բաքվի, այլ Հայաստանի իրավապահների, Մարդու իրավունքների պաշտպանի, այլ իրավապաշտպանների տվյալները պետք է վկայակոչի։

«Որոնք օբյեկտիվորեն հիմնավորում են գերեվարման ավելի մեծ թվաքանակ։ Առնվազն մեր կազմակերպության ձեռքի տակ եղած փաստերը և ապացույցները վկայում են, որ 39 գերիներից բացի 80 անձ գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և նրանք այս պահին գտնվում են բռնի անհետացածների կարգավիճակում, քանի որ պետությունը միտումնավոր թաքցնում է նրանց ճակատագիրը, եղելությունը ևչի տրամադրում արժանահավատ տեղեկություններ ընտանիքի անդամներին, և սա հավելյալ մեծացնում է նաև տառապանքը», - ասաց Սահակյանը։

Այսպիսով, ըստ իրավապաշտպանի, անտեսվում են իրական թվերը, և Երևանը պաշտոնապես ընդունում է, որ այլ գերիների հաստատման ու վերադարձի ակնկալիք այլևս չունի։

«Հաշվի է նստում Ադրբեջանի հրապարակած թվերի հետ։ Իսկ դա միջազգայնորեն էլ համարվում է որպես Հայաստանի կողմից ընդունում, թեև խոսվում է միջազգային ճնշման մասին, սակայն հասկանալի է, որ այդ ճնշումն այլևս չի կարող ուղղվել գերեվարվածների նոր դեպքերի հաստատմանը և պաշտոնականացմանը, առավելապես միջազգային հանրությունը հետաքրքրված կլինի 39 անձի հայրենադարձումն ապահովելուն», - ասաց Սահակյանը։

Նիկոլ Փաշինյանը երեկ մերժելի համարեց տեսակետը, թե գերիների վերադարձը պետք է քաղաքական երկխոսության նախապայման դառնա։

«Հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չի կապել և ընդհակառակը՝ երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ ընդհակառակը՝ կնազեցնենք», - հայտարարեց Փաշինյանը։

Սիրանուշ Սահակյանը նկատեց․ - «Մարդասիրական տարրական խնդիրները չեն լուծվում, որը նույնիսկ պատվաբեր է Ադրբեջանի համար և բացառապես կարող է բարձրացնել նրա վարկանիշը միջազգային հարթության մեջ, այստեղ որևէ վստահության մթնոլորտ չի կարող լինել, իսկ առանց վստահության հնարավոր չէ լուծել բարդ քաղաքական խնդիրներ, այստեղ հայկական կողմը բացառապես լինելու է խաբվածի դերում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG