Մատչելիության հղումներ

Փլուզման պատճառով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին կվերաբացվի երկու շաբաթից


Ծիծեռնակաբերդի խճուղին, որ արդեն մի քանի օր է փակ է ճանապարհի փլուզման պատճառով, նախնական տվյալներով, կվերաբացվի երկու շաբաթից։

Ճանապարհի վերակառուցումը պարտավորվել է անել ճամփեզրին շինարարություն իրականացնող «ՍահակյանՇին» ընկերությունը։

Ովքե՞ր են պատասխանատու ճանապարհի մոտ 22 քառակուսի մետրի փլուզման համար։ Փլուզումից 4 օր անց Երևանի ավագանու նիստին բարձրացված այս հարցի առնչությամբ քաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, թե պատասխանը կտա մասնագիտական փորձաքննությունը. - «Մի ամիս, միգուցե մի փոքր առաջ էլ ճաքերը նկատել էինք։ Էնտեղ եզրակացություն ունեինք, որ շինարարական աշխատանքներից չի առաջացել։ Այնուամենայնիվ, էդ արգելապատնեշները մնացել էին այնտեղ, և էս վերջերս բավականին անձրևոտ էր եղանակները, միևնույն ժամանակ շինարարություն էր տեղի ունենում, էնտեղ փլուզում է տեղի ունեցել»։

Շինարարական կազմակերպության ղեկավար Սուրեն Սահակյանը փլուզումն այսպես է բացատրում. ժամանակին Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի լիքցը արվել է սխալ նյութերով, առանց նորմերի համապատասխանության։

Շինարարության ընթացքում տեղեկացրել են քաղաքապետարանին, որ ճանապարհին լրացուցիչ ամրաշինական աշխատանքերի կարիք կա։ Թույլտվություն են ստացել, բայց աշխատանքները սկսել չեն հասցրել՝ անձրևների պատճառով. - «Քաղաքապետարանին դիմել ենք, որ մենք պատրաստ ենք մեր միջոցներով... Ինչի՞ համար մենք դա չէինք անում։ Որ էդ ճանապարհը պիտի փակվեր։ Իսկ որպեսզի ճանապարհը փակվի, պիտի քաղաքապետարանը թույլտվություն տա»։

Սարհատ Պետրոսյան
Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը դեռ փլուզումից առաջ էր նախազուշացրել այս հատվածում կառուցապատման վտանգավորության մասին։ «Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու, կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի բնակչություն ունեցող թաղամաս», - սոցիալական ցանցերում գրել էր Պետրոսյանը՝ զգուշացնելով, որ վտանգ կա նաև Սարալանջի ճանապարհին։

Կառուցապատողը բնակելի համալիրի շինթույլտվությունը ստացել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Ընկերությունից քննադատությունը չեն ընդունում։ Սուրեն Սահակյանը մանրամասնում է՝ ըստ օրենքի, իրենց հատկացված 6,5 հեկտար տարածքի մինչև քառասուն տոկոսը կարող էին կառուցապատել, բայց իրենք միայն 25 տոկոսն են արել. - «Սա քաղաքի կենտրոնը չի, և ստեղ շատ ավելի լայն ա, միջավայրի հետ համեմատած, և էդ միջավայր ստեղծելու արդյունքն ա, որ մեծ, լայնածավալ հողային աշխատանքներ ա կատարվում»։

Բորիս Քոչարյան
Բորիս Քոչարյան

Ճարտարապետ Բորիս Քոչարյանի խոսքով, իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել մինչև շինարարությունը այսպես կոչված տարածքային պլանավորման փաստաթղթերը Հայաստանում ձևական բնույթ են կրում, գլխավոր խնդիրը ամեն ինչ արագ անելն է. - «Ուշադրությունը քաղաքաշինական ծրագրմանը իսպառ բացակայում է։ Ես ապրում եմ Արաբկիրի էսպես կոչված Բանջարանոց թաղամասում, որտեղ ցածրահարկ բնակելի կառուցապատման մեջ հիմա շենքեր են առաջանում։ Բոլոր թույլտվությունները հատ-հատ են տրված, կետ առ կետ։ Ամբողջական թաղամասը թե ինչ է լինելու հետո, ոչ մեկը պատկերացում չունի։ Բարդ ռելիեֆի մեջ փողոցներ են՝ ձորով, փոսով և այլն... Ռիգայի փողոցը ավերվել է արդեն, ծանր տեխնիկան էնքան գնաց-էկավ էդ փողոցով, հիմա էդ փողոցը ուշքի չի գալիս, էնտեղ երթևեկելը շատ վտանգավոր է դարձել»։

Մասնագետները փլուզման վտանգ են տեսնում նաև Սարալանջի ճանապարհին՝ Տերյան փողոցի հատվածում։ Հորդորում են գնալ կանխարգելման ճանապարհով. - «Տերյան փողոցի կեսը չկա, ցանկապատը բերված է առաջ, Տերյան փողոցի կեսը արդեն փորված է ասենք մի տասնհիգ-քսան մետր խորությամբ։ Մյուս կողմից Սարալանջի ճանապարհի տակի հատվածը՝ լանջն ա գտնվել... Ես ուղղակի ամեն օր այդտեղով անցնելիս մտածում, աղոթում եմ եմ՝ երբ պիտի շուտ վերականգնեն էդ մասը, որ հանկարծ Տերյան փողոցը չիջնի ներքև» (Բորիս Քոչարյան)։

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում վերականգնման աշխատանքները շուրջօրյա կիրականացվեն։ Եռահերթ աշխատանք կսահմանվի ճանապարհը հնարավորինս շուտ բացլեու համար։ Իսկ բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքերի հետ կապված պաշտոնական մարմինները որևէ խնդիր չեն տեսնում։

XS
SM
MD
LG