Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ակցիան սկսվեց Բաղրամյան 26-ից, որտեղ հյուրընկալվում էր Լիտվայի նախագահը


Առավոտյան Բաղրամյան պողոտայի մի մայթին նախագահ Վահագն Խաչատրյանն ընդունում էր լիտվացի իր պաշտոնակցին, մյուսին` ոստիկանական պատնեշից այն կողմ, ընդդիմադիրները սուլում էին իշխանություններին`«առանց Նիկոլ Հայաստան»:

Իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմադիրները այսօր առավոտյան հենց Բաղրամյան 26-ից սկսեցին իրենց ակցիաները` ասելով, որ եկել են այստեղ` Լիտվայի նախագահին ցույց տալու, որ գործող իշխանությունները լեգիտիմություն չունեն ու չեն կարող բանակցել Հայաստանի անունից։

Ոստիկանությունը չմիջամտեց, ցուցարարներն այստեղ մոտ կես ժամ մնացին:

Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26, ցուցարարներն էլ բռնեցին «Մարիոթ» հյուրանոց տանող ճամփան, որտեղ մեկնարկում էր «Ժողովրդավարության հայկական ֆորումը»՝ վարչապետ Փաշինյանի, պետական այլ պաշտոնյաների ու արևմտյան դեսպանների մասնակցությամբ։

Ավելի ուշ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը սոցցանցում իր վրդովմունքը հայտնեց՝ իշխանական պատգամավորներին հրավիրել են մասնակցելու ժողովրդավարության ֆորումին, իսկ իրենց չեն թույլատրում ներկա գտնվել քննարկմանը:

«Մենք փորձ արեցինք նաև մուտք գործել ներս, սակայն անվտանգության աշխատակիցները, քաշքշելով մեր պատգամավորներին, մեզ թույլ չտվեցին, որ ներկա գտնվենք հայկական ժողովրդավարության քննարկմանը, պատկերացնո՞ւմ եք», - ասաց նա:

Ֆորումը կազմակերպած «Իրազեկ քաղաքացիների միավորումից» փոխանցում են, որ ընդդիմադիր մի խումբ պատգամավորների հրավերներ ուղարկել էին, սակայն նրանք չեն ընդունել այն։ Ագնեսա Խամոյանը հրավիրյալների շարքում չէր։

Այս ակցիաներից մի քանի ժամ անց «Հայաստան» դաշինքը հայտնեց բերման ենթարկված մի քանի ցուցարարի մասին, որոնք Հանրապետության հրապարակում կարմիր անձրևանոցներով զբոսնում էին։ Ոստիկանության հաղորդմամբ՝ այսօր 6 անձ է բերման ենթարկվել։

Ավելի ուշ ցուցարարները նաև երթ անցկացրին դեպի Մատենադարան։ Ընդդիմությունն այսօր ևս երեկոյան հանրահավաք է հրավիրել։ Նրանք մայիսի 1-ից փակ են պահում Ֆրանսիայի հրապարակը, օրվա ընթացքում տարբեր անհնազանդության ակցիաներ անում։ Պնդում են, թե իշխանությունները մտադիր են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, ինչը կարելի է կանխել միայն վարչապետի հրաժարականով։ Իշխանություններն այս մեղադրանքը չեն ընդունում։

XS
SM
MD
LG