Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն վաղը՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։
Օրակարգում նույն հարցերն են, ինչ նախորդ հանդիպումների ընթացքում, վստահեցրել է Գրիգորյանը, ով Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսվո՞ւմ է հարցին այսպես է պատասխանել. «Ոչ, որովհետև, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ և բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետևաբար որևէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը տարօրինակ է որակել հնչող քննադատությունը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, և թվարկել արդեն հայտնի հանգամանքներ, առանց նոր մանրամասներ հաղորդելու։ Մասնավորապես, որպես օրակարգային հարց նշվում է սահմանազատման հարցը՝ դարձյալ չհստակեցնելով անգամ հանձնաժողովի կազմը, կամ թե որոնք են այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով երկու երկրների հանձնաժողովականների հանդիպումը երկու անգամ չեղարկվեց։
«Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում», - նշել է Գրիգորյանը։
Հանդիպումից առաջ Երևանը և Բաքուն միմյանց էին մեղադրել կարգավորման գործընթացի ձգձգման համար։ Մինչ այս պահը միայն հայտնի են Հայաստանին ուղղված Ադրբեջանի 5 առաջարկները, որոնք, պաշտոնական Երևանը ընդունելի էր համարել, իսկ Հայաստանի պատասխան վեց առաջարկները, ինչպես Բրյուսելում նախարար Միրզոյանն էր հայտնել, Բաքուն դեռ չի ընդունել։
Վաղվա հանդիպմանը անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները՝ այդ թվում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական երկխոսությանը։
Եկեղեցին զգոնության կոչ է արել Հայաստանի իշխանություններին
Մինչ ընդդիմությունը Հայաստանում շարունակում է բողոքի ակցիաները և պնդում, որ իշխանությունը պատրաստվում է անհարկի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, Բրյուսելյան հանդիպումից առաջ հարցին նաև Հայ առաքելական եկեղեցին է անդրադարձել։ Կաթողիկոսի նախագահությամբ Գերագույն հոգևոր խորհրդի եռօրյա ժողովից հետո եկեղեցին զգոնության կոչ է արել Հայաստանի իշխանություններին, որպեսզի «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա»։ Խորհուրդը նաև շեշտել է՝ «խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին»։
«Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ», - ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից փոխանցեցին, որ եկեղեցու ըստ էության այս աննախադեպ հայտարարությանը հավելելու ոչինչ չունեն։