Մատչելիության հղումներ

Երևանի թաքնված թանգարանները


Երևանի կենտրոնական կայարանում է երկաթուղու թանգարանը, որի մոտ 200 ցուցանմուշները ներկայացնում են հայկական երկաթուղային տրանսպորտի ողջ պատմությունը:

Թեև թանգարանը 13 տարվա կյանք ունի, բայց տնօրեն Նիկողայոս Տեր-Կարապետյանն ասում է՝ ցուցանմուշների մի մասն ավելի քան 100 տարեկան են՝ ցարական շրջանի շոգեքարշը, Նիկոլայ II կայսրի գնացքը, հեռախոսները, կապի միջոցները, լապտերիկները, ազդանշանային դրոշակները, «Կկու» շոգեքարշի ազդանշան-սուլիչը, 1958 թվականի տոմսերի դակիչը, պատմական փաստաթղթերի կրկնօրինակները։

Թանգարանի պատմությունը սկսվում է 1895-ից, երբ կառուցվեց առաջին երկաթգիծը, իսկ առաջին գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ ժամանեց դրանից երեք տարի անց։

«Ռուսական կայսրության երկու թագավորներ Ալեքսանդր 3-րդը և Նիկոլայ 2-րդը, երբ որ սկսեցին այս երկաթուղում շինարարությունը, նմանատիպ շինություններ Ռուսաստանում չեն եղել, սրանք յուրահատուկ շինություններ են՝ և՛ Զամառլուի կամուրջը, և՛ Ջաջուռի թունելը: Բավականին մեծ քանակով ռուսական ռուբլի, մոտավորապես 22 միլիոն, ծախսվել է այս շինությունը կառուցելու համար: Բավականին մեծ գումար է եղել, մոտավորապես այսօրվա 3 միլիարդ դոլարը», - ներկայացրեց Տեր-Կարապետյանը:

Ի դեպ, Ջաջուռի 1703 մետր երկարությամբ թունելը կառուցվել է այն ժամանակների համար ռեկորդային ժամանակահատվածում՝ 5 տարում։ Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ թունել կառուցելու գործում կիրառվել է էլեկտրական լուսավորությունը։

Թվայնացված այս դարում այս սարքերը զուտ հիշողություն ու պատմություն չեն. թանգարանի տնօրենն ասում է՝ սա նաև երկաթուղու աշխատանքը կարևորելու, ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու միջոց է. «Իսկ ո՞վ պետք է բեռները տեղափոխի, մարդատար գնացքները ո՞վ պետք է տեղափոխի, այսինքն այս մասնագիտությունը մենք կարողանում ենք ներկայացնել ներկա սերնդին: Անհրաժեշտ է, որովհետև երկրի էկոնոմիկայի զարգացման համար երկաթուղու զարգացումը խիստ կարևոր է»:

Աբովյանի «Սիրիուս» գործարանում արտադրված առաջին հայկական հեռուստացույցը, «Անուշ» ու «Անի» թոսթերները, դիսկոտեկների համար նախատեսված գունալուսային սարքը, «Արագած» սառնարանը, էլեկտրոկիթառը, իոնիկան... Խորհրդային Հայաստանի արդյունաբերական անցյալը խնամքով թաքնված է մայրաքաղաքի կենտրոնից հեռու գտնվող Ճարտարագիտական քաղաքի՝ Գիտության և տեխնիկայի թանգարանում։

Էքսկուրսավար Քրիստինա Թաբիրյանը պատմում է՝ 14 տարի առաջ բացված այս թանգարանը հիմնականում հավաքվել է անհատների շնորհիվ. հայկական արտադրության հին մսաղացները, սրճաղացներն ու լվացքի մեքենաները հիմնականում շատերը փոխել են նորերով. ափսոս էր աշխատող իրերից հրաժարվելը, թանգարանում են դրանք հիմա որպես էքսպոնատ։

«Ամենահինը երևի թե ժամացույցներն են, մեր ժամացույցի գործարանի արտադրանքը: Գործարանը հիմնադրվել էր 1943 թվականին և այդ ժամանակվանից էլ տարեկան շուրջ 5 միլիոն ժամացույց է թողարկվել», - պատմեց Թաբիրյանը:

Հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գիտատեխնիկական նվաճումները մի տեղում հավաքելն ու ցուցադրելն ինքնանպատակ չէ. այստեղ գործնական աշխատանքներ են անցկացնում երեխաների հետ, փորձում արթնացնել սերը դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթությունը։ Էքսկուրսավարը կես կատակ կես լուրջ ասում է՝ թող իմանան՝ անծով Հայաստանում սուզանավի սարքեր են կառուցել։

«Մասնագետներ ենք ունեցել համապատասխան և ընդհանրապես խորհրդային տարիներին Հայաստանը հարուստ, լավ զարգացած արդյունաբերություն է ունեցել», - ասաց նա:

Միայն մայրաքաղաքում մոտ 5 տասնյակ թանգարան կա՝ արվեստի, պատմության, բնագիտության, գիտության, բժշկության, կապի, տիեզերքի.... Յուրօրինակ ցուցանմուշներն ու դրանց հետաքրքիր պատմությունները հիմնականում թաքնված են Երևանի կենտրոնից դուրս, ու թանգարանային գիշերները լավ առիթ են դրանք բացահայտելու համար։

Հայազգի գիտնականների հայտնագործությունները մի տեղում. Երևանում ամենամյա թանգարանային գիշեր է
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG