Մատչելիության հղումներ

Փաշինյանը ձախողել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, սակայն քննադատում է կազմակերպությանը. ընդդիմադիր պատգամավոր


Մեղավոր է ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ Հայաստանի իշխանությունը, հայտարարում է ընդդիմադիր պատգամավորը երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությունից հետո։

«ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, անվտանգային համակարգ է և եթե դու չես կարողանում օգտագործես այդ անվտանգային համակարգի հնարավորությունները, մեղավորը դու ես, ոչ թե համակարգը: Դա հստակ պետք է ինքը հասկանա», - ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Երեկ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Փաշինյանը նորից քննադատեց ռազմական դաշինքը՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը չարձագանքելու համար՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի զորքերը մինչ օրս դուրս չեն եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ավելին՝ կազմակերպության անդամ երկրները տարիներ շարունակ Բաքվին զենք են տրամադրել, որն օգտագործվել է հայ ժողովրդի դեմ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր չի քննադատում ՀԱՊԿ-ին և ստեղծված իրավիճակի համար մեղավոր է համարում Փաշինյանին։ Խաչատրյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը կարող էր և կաջակցեր Հայաստանին, եթե իշխանությունները սխալներ թույլ չտային. «Երբ ինքը դարձավ կառավարության ղեկավար, ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պետք է իրենց սառը վերաբերվեին, որովհետև ինքը քննադատել էր այդ կազմակերպությանը: Բայց ինչ ներելի էր ընդդիմադիր Փաշինյանին, ներելի չի կառավարության ղեկավար Փաշինյանին, այն, ինչ ինքը արեց Գրիգորի Խաչատուրովի հետ, հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը և ՀԱԿՊ-ն, իհարկե, նրան դա չէր նեի: Իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ին եղել է արհամարհական, անհարգալից և ՀԱՊԿ-ի վերաբերմունքն էլ նույնը պետք է լինի»:

Անցյալ տարվա մայիսի կեսին Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, երբ ադրբեջանական ուժերը խորացել էին դեպի Սյունիքի Սև լճի հարակից տարածք, Հայաստանի դիմումից հետո դաշինքից միայն ընդհանրական հայտարարություններ եղան, թե ուշադիր հետևում են իրավիճակին։ Մինչ ընդդիմությունը տեղին չի համարում ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունը, իշխանությունը վստահ է՝ խնդիրների մասին բարձրաձայնելը ոչ միայն տեղին, այլև՝ օգտակար է։

«Բարձրաձայն ասելը արդեն իսկ գործողություն է: Հետո էդ ասելուց հետո խոսակցություն է լինում, քննարկում է լինում, լուծումներ են լինում: Իսկ ո՞վ ասաց, որ չենք դիմել, ո՞վ ասաց, որ մեր գործողությունների շնորհիվ չէ, որ այսօր այդ դեպքերը եղել են, որոնք փաստ են, որոնց հետ մատնանշվել է և դրանք շարունակություն չեն ունեցել», - ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի ուժերը այնուամենայնիվ Սյունիքի մարզ այդպես էլ չեկան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հավաքական կազմակերպությունը միայն քաղաքական ներգործության լծակներ ունի, օրինակ, մենք ինչ գիտենք՝ դրանից հետո, պայմանական, ինչ են խոսել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները»:

Քննադատելով ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը դիմակայում է Մոսկվայի ճնշումներին. վերլուծաբան

ՀԱՊԿ-ի՝ ոչ ռազմական, այլ թեկուզ քաղաքական հնարավոր արդյունավետության մասին Սիմոնյանի տեսակետը չի կիսում քաղհասարակության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը, որի կարծիքով այդ կազմակերպությունն առաջնորդող Ռուսաստանի համար Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան ռազմավարական դաշնակից Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը։

«Այսօր Ռուսաստանի համար Թուրքիան շատ ավելի մեծ արժեք ունի, նույնիսկ Ադրբեջանը շատ ավելի մեծ արժեք ունի, որովհետև Թուրքիան խնդիրներ է առաջացնում նույնիսկ, օրինակ, Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում, թեև սա ընդամենը նախնական բացասական արձագանք էր», - ասաց Խուրշուդյանը:

Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում քննադատել ՀԱՊԿ-ին, եթե ակնհայտ է, որ կազմակերպությունը քայլեր չի ձեռնարկելու Ադրբեջանի դեմ։ Ըստ Խուրշուդյանի՝ Երևանն այսպես դիմակայում է Մոսկվայի ու Մինսկի ճնշումներին, թե ՀԱՊԿ-ի անդամները պետք է ռուս-ուկրաինական պատերազմում հստակ սատարեն Ռուսաստանի դիրքորոշումը, մի բան, ինչից Հայաստանում խուսափում է։

«Էդ իմաստով, իհարկե, արդարացված է այդ հռետորաբանությունը և այդ հիշեցումները, որ փաստացի այդ երկու երկրները դավաճանել են Հայաստանին որպես ՀԱՊԿ անդամ և հիմա որևէ ակնկալիք չեն կարող ունենալ», - ասաց վերլուծաբանը:

Երեկվա գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի դեմ միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտության մասին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը արձագանք չեղավ նաև կազմակերպության անդամ մյուս երկրների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG