«Նախագահ Պուտինի հետ համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ», - այսօր Մոսկվայում, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Պուտինի հետ արդյունավետ քննարկում են ունեցել, համատեղ կարևոր հայտարարություն ընդունել։
Ռուսաստանի Պետդումայի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը՝ նկատելով՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է:
Փաշինյանն ու Վոլոդինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:
Շարունակվում է Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան: Այսօր առավոտյան վարչապետն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել: