Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական երկխոսության հնարավորություն ուկրաինացի վերլուծաբանը դեռ չի տեսնում


Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Օլեգ Սահակյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 15-ը մայիսի, 2022թ.
Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Օլեգ Սահակյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 15-ը մայիսի, 2022թ.

Մոտ ժամանակներս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության և երկխոսության հնարավորություն ուկրաինացի հայտնի քաղաքական վերլուծաբան Օլեգ Սահակյանը չի տեսնում: Այդ մասին նա ասաց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:

«Մոտ ժամանակներս, ցավոք, նամ հնարավորություն չկա, քանի որ Ռուսաստանը չի հրաժարվում իր հավակնություններից, ավելին՝ պուտինյան ռեժիմն ավելի ու ավելի է խորանում մի իրավիճակի մեջ, երբ նրանց համար հավասարապես անընդունելի են և՛ իրենց սցենարի իրականացումը, քանի որ դա կլինի անիրագործելի, իսկ դրա գինը՝ պարզապես աղետալի, և՛ այդ ամբիցիաներից հրաժարումը, ինչը ևս կարող է շատ լուրջ հարվածել անձամբ Պուտինին», - ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Ուստի, ցավոք, այժմ գործնականում տեղ չկա իրականում պայմանավորվածությունների համար: Կա դիվանագիտական ֆորմատ՝ ռուսական և ուկրաինական կողմերի պատվիրակությունները հանդիպում և շփվում են, բայց հիմա այս ձևաչափն ավելի շատ կոսմետիկ բնույթ է կրում, սակայն կարող է գործիք դառնա ապագայի համար, երբ կարող է բացվել հնարավորությունների պատուհանը: Բայց այժմ դեռ չկա»:

«Անհնար է բանակցել մեկի հետ, ով ժխտում է քո իսկ գոյության իրավունքը: Նախ Ուկրաինան պետք է ապացուցի իր գոյության իրավունքը, նա պետք է հանի այս կատաղած շան ատամները, ու երբ այս շունն այլևս ի վիճակի չլինի կծել ձեզ, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչպես և որտեղ կլինեն պայմանավորվածությունները», - նշեց ուկրաինացի վերլուծաբանը:

Սահակյանը ենթադրում է, թե «հասնելով այն բնագծին, որ եղել է մինչև փետրվարի 24-ը՝ մինչև Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը, Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կառաջարկի բանակցություններ վարել Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված հատվածների, ինչպես նաև Ղրիմի վերաբերյալ, կառաջարկի բանակցություններ այն մասին, թե ինչպես Ռուսաստանը մեզ հետ է հանձնում դրանք, բանակցություններ միջազգային վարչարարության, խաղաղապահության և այլ ձևաչափերի մասին»:

«Դրանք լինելու են բանակցություններ տարածքների հետհանձնման մասին՝ ավելի մեծ արյունահեղությունից խուսափելու համար: Բայց քանի դեռ չենք հասել ստատուս քվոյի պահին, ես վստահ եմ, որ Ռուսաստանը բանակցությունների մեջ չի մտնի և չի հրաժարվի իր ամբիցիաներից», - հայտարարեց Օլեգ Սահակյանը:

XS
SM
MD
LG