Ֆազալի Ալիևը ծնվել- մեծացել է Աշաղը Էսքիպարա գյուղում, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո դարձավ Ներքին Ոսկեպար։ Արդեն երեսուն տարի է՝ սահմանի այն կողմից է նայում գյուղին, բայց չի մոռացել՝ ինչպես էին ժամանակին հայերն ու ադրբեջանցիները իրար հետ լավ ու վատ օրեր կիսում, քավոր-սանիկություն անում: Հիշում է՝ հայկական հարսանիքներին թթի օղի էին խմում:
«Մեր ճաշատեսակներն էլ էին նման, նրանք տարատեսակ թթուներ ունեին, պահածոների գործում վարպետ էին: Հարաբերություններն էլ վատ չէին: Երբ իրենց հարսանիքներին էինք գնում, տան տիրուհին ուրախանում էր՝ ասելով, թե թուրք հյուրեր ունի», - պատմեց Ֆազալի Ալիևը:
Ներքին Ոսկեպարի բնակիչը պատմում է, որ խորհրդային շրջանում հաճախ Հայաստան առևտրի էին գնում, քանի որ այնտեղ սննդամթերքի և հագուստի լավ տեսականի կար. «Անկեղծ ասած, նրանք ավելի զարգացած էին, քան մենք: Կարծես խորհրդային իշխանությունը նրանց այլ կերպ էր նայում, իսկ մեզ՝ այլ: Երբ նրանց գյուղեր էինք գնում, երշիկ, ձեթ, ամեն բան կար, իսկ մեզ մոտ չկար, Ղազախի շրջկենտրոնում էլ չկար»:
90-ականների պատերազմից հետո Տավուշում ադրբեջանական 7 անկլավային գյուղ է մնացել՝ Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը, Արարատի մարզում էլ Տիգրանաշենը՝ երբեմնի Քյարքին: Իսկ ադրբեջանական կողմում մնացել է մի ժամանակ հայաբնակ Արծվաշենը, որ հիմա Բաշքենդ է դարձել։
44-օրյա պատերազմից հետո Բաքուն սկսեց հարցեր բարձրացնել ոչ միայն սահմանազատման, այլև անկլավների վերադարձի մասին։ Տասնամյակներ առաջ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված մարդիկ, սակայն, վերադարձի հնարավորությանը կասկածով են նայում։ Ժամանակին Սոֆուլուի բնակիչ տիկին Նաիլեն խոստովանում է՝ վախենում է: Պետության երաշխիքներին չի հավատում:
«Շատ վտանգավոր է: Ամեն կողմում հայեր են, իսկ մենք մեջտեղում: Սոֆուլուն ու Բարխուդարլուն հայկական գյուղերով են շրջապատված: Եթե մենք այնտեղ գնանք, հայերը մեզ կսպանեն: Ուր ենք գնալու, ամենուր հայեր են», - ասաց նա:
Ի տարբերություն Նաիլեի, Բարխուդարլուի նախկին բնակիչներից Մեքսեդ Միրզեևը պատրաստ է հենց այսօր վերադառնալ հայրենի գյուղ: Ասում է, ամեն օր երազում իրենց գյուղն է տեսնում ու մահացած հարազատներին: Հույս ունի, որ նոր սերունդը իրենց սխալները չի կրկնի:
«Պատմության ընթացքում ադրբեջանցիների ու հայերի միջև վեճեր եղել են, հետո հաշտվել են: Երբ ես հեռացա գյուղից, որդիս դեռ չէր ծնվել ու հայերին չի ճանաչում: Երիտասարդ սերունդն իր ճանապարհով կգնա», - նշեց Միրզեևը:
Ֆազալի Ալիևը ևս վստահ է՝ երբ վերադառնան, հայերի հետ կրկին կարող են խաղաղ ապրել: Ասում է՝ լեզու կգտնեն, եթե կողքից խանգարողներ չլինեն. «Ադրբեջանցիները մեր գյուղը լքել են 1905-ին, 1918-ին, բայց երբ վերադարձել են, հայերի հետ լավ հարաբերություններ են եղել: Եթե ռուսները չխառնվեն, հարաբերությունները արագ կկարգավորվեն»:
Յունիս Նասիբովն էլ է Ներքին Ոսկեպարից, ասում է՝ հաճախ է գնում սահման ու նայում այն կողմում մնացած իրենց գյուղին. «Մոտենում ու նայում էինք գյուղին, տխրում էինք: Մի քանի օր առաջ երեք հոգով գնացել էինք սահման, գյուղը տեսնելու, դեռ ուշքի չենք գալիս: Ես 54 տարեկան եմ, մտածում եմ դեռ ինչքան եմ գնալու ու հեռվից նայելու իմ ծննդավայրին»:
Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկի նաև Տավուշում գտնվող Ղազախի շրջանի ադրբեջանական 7 անկլավային գյուղերը և Քյարքին Ադրբեջանին վերադարձնելու հարցը:
Վարչապետ Փաշինյանը անցած խորհրդարանական քարոզարշավին պնդել էր՝ Բաքուն նոր չէ այդ հարցը բարձրացրել. «Էս թեման միշտ եղել ա բանակցությունների օրակարգում և այդ թեման Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ ա քաշում, հիմա էն իրավիճակը, որ կա, որ արձանագրված ա, էդ իրավիճակը ուղղակի թողնում են, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ և տրամաբանությունն էն ա, որ այդ անկլավը պետք ա փոխանակվի անկլավի հետ և այն ինչ-որ իրանց հսկողության տակ ա, մնա իրանց հսկողության տակ, էն ինչ մեր հսկողության տակ ա, մնա մեր հոկողության տակ»:
Մինչ օրս հստակ չէ՝ այս տարբերակներից որն են կողմերը ընտրելու՝ թողնելու են ամեն ինչ այնպես, ինչպես կա, թե գնալու են տարածքների փոխանակման։