Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը չի հստակեցնում` հաջողության դեպքում ովքեր են լինելու ժամանակավոր կառավարությունում


Արդեն երկրորդ շաբաթն անհնազանդության ակցիաներ անցկացնող ընդդիմությունը հաջողության հասնելու դեպքում խոստանում է ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը պետք է իշխի մեկից-մեկուկես տարի։ Թե ում են տեսնում վարչապետի պաշտոնում, ովքեր են լինելու կառավարության կազմում, և ամենակարևորը՝ ովքեր և ինչպես են նրանց ընտրելու՝ դեռ չեն հստակեցնում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը միայն ասաց, թե ընդգրկելու են փորձառու մասնագետների՝ առանց անուններ տալու. «Մարդիկ, որոնք շատ արագ արմատական բեկում կարող են մտցնել երկրի անվտանգային, արտաքին, սոցիալական, տնտեսական, գյուղատնտեսական, այլ ոլորտներում, որովհետև այսօրվա մեր երկրում բոլոր այդ ոլորտներում ուղղակի ողբերգական վիճակ է»:

Սա ժամանակավոր կառավարություն ձևավորելու ընդդիմության արդեն երկրորդ փորձն է անցած մեկուկես տարում։ Դաշնակցական պատգամավորն ընդունում է՝ առաջինը ձախողեցին, քանի որ հանրային մեծ աջակցություն չունեին, բայց հիմա, վստահ է, այլ իրավիճակ է։

«Ցավոք սրտի, այդ ժամանակ հանրային շատ-շատ լայն աջակցության մեր մոտեցումները չարժանացան, բայց այսօրվա իրավիճակում, երբ մեկ տարի առաջվա խորհրդարանական ընտրություններից իշխանությունն իջել է խաղաղության խոստումով, Արցախի հարցի լուծման խոստումով, դեօկուպացիայի խոստումով, և գրեթե 8 ամիս հետո 180 աստիճան փոխել է մոտեցումները, մարդիկ հասկանում են, որ իրենց խաբել են, խաբված են մարդիկ: Մարդիկ հասկանում են, որ անորոշությունը, վտանգները շատ ավելի զորավոր են», - ասաց Գեղամ Մանուկյանը:

Իշխանությունը կարծում է, որ ընդդիմությունը լայն աջակցություն չունի

«Քաղաքացիական պայմանագրում», մինչդեռ, համոզված են, թե ընդդիմությունը հիմա էլ լայն աջակցություն չունի։ Չնայած ցույցերը չեն դադարում, սակայն հարցը քննարկելու իմաստ չեն տեսնում: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է՝ այս իրավիճակում անցումային կառավարություն ձևավորելու հայտարարություններն առնվազն անլուրջ են։

«Եթե հավատանք «Իրազեկ քաղաքացիների միավորման» տված տվյալներին, ապա մայիսի 1-ից մինչև այժմ երկու անգամ պակասել է նրանց հանրահավաքների մասնակիցների թիվը` հասնելով 7 հազարի: Եթե պարոն Իշխան Սաղաթելյանի կարծիքով` Հայաստանում 7 հազար հոգին իր հանրահավաքի մասնակից պիտի ինչ-որ մի կառավարություն ձևավորեն, լավագույն մաղթանքներս Իշխան Սաղաթելյանին», - ասաց իշխանության ներկայացուցիչը:

Երևանի փողոցներում հանդիպած քաղաքացիների մի մասը ողջունում էր ընդդիմության հայտարարությունը, մյուսներն էլ` անիրատեսական ու անընդունելի համարում նոր կառավարության ձևավորումը` հիշեցնելով, որ վերջին արտահերթ ընտրություններից մեկ տարի էլ դեռ չի անցել: Որոշներն էլ կոչ են անում միասին լուծել եղած խնդիրները:

Ընդդիմությունից դեռ միայն հայտնում են, թե որ հարցերն են ժամանակավոր կառավարության ուշադրության կենտրոնում լինելու՝ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովումից սկսած մինչև գյուղատնտեսություն։ Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ի՞նչ միջոցներով են այդ ամենն իրականացնելու, հարցին դեռ ընդհանրական ձևակերպումներով են պատասխանում։

XS
SM
MD
LG