Մատչելիության հղումներ

Անիավանում բնակիչները տասնամյակներով զրկված են խմելու ջրից


Հովիկ Պապիկյանը գոմի տանիքին հարմարություն է ստեղծել ու Անիավանի մյուս բնակիչների պես անձրևաջուր է հավաքում, որ նեղն ընկած ժամանակ օգտագործի: Խմելունը կամ գյուղ եկող «ջրի մեքենայից» են գնում, կամ էլ կիլոմետրեր կտրում ու հասնում Թալին ու անգամ Գյումրի։

Անիավանում մի քանի տարի առաջ հարևան Բագրավանից ջրագիծ անցկացրեցին, բայց դա էլ խմելու համար պիտանի չէ. «Մեր զապաս ջուրն է, խմելու համար չենք օգտագործում»:

Հերիք չէ, որ տասնամյակներով խմելու ջուր չունեն, հիմա էլ այն թանկացել է։

«100 դրամ էր առաջ մի դույլ ջուրը, հիմա՝ 150 դրամ», - ասաց Հովիկ Պապիկյանը:

Գյուղում խմելու ջուր չկա դեռ խորհրդային տարիներից։ Ժամանակին տեղում գործող արտադրական ձեռնարկությունները գնացքով՝ մեծ ցիստեռներով են գյուղ ջուր հասցրել ու անվճար գյուղացիներին բաժանել: Աշխատատեղերի բացակայության, տարիներ շարունակ չլուծվող այլ խնդիրների պատճառով հայ-թուրքական սահմանից 2 կմ հեռու գտնվող գյուղում 30 տարվա ընթացքում բնակչությունը 4 անգամ նվազել է: Փաստացի հիմա այստեղ 150 մարդ է ապրում:

Վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը ցույց է տալիս դատարկված կամ կիսով չափ բնակեցված շենքերն ու տները:

«4 բնակարնանոց շենք է ու ապրում է երկու ընտանիք: Նորից երեք ընտանիքի համար նախատեսված շենք, ապրում է երկու ընտանիք», - ներկայացրեց Միրոյանը:

Վարչական ղեկավարն ասում է՝ ավելի շատ ոչ թե արտերկիր են մեկնում, այլ՝ մայրաքաղաք: Իսկ ժամանակին Անիավանում զբաղվածության խնդիր չկար, քարի վերամշակման ձեռնարկություններ էին գործում։ Հիմա համայնքում լռություն է, հատուկենտ բակերում կարող ես բնակչի հանդիպել:

Մարտիրոս Միրոյանն ասում է՝ մնացել են մարդիկ, ովքեր պատրաստ են սեփական օրինակով ցույց տալ, որ գյուղում էլ կարելի է ապրուստի միջոց գտնել. «Մարդը այգի է հիմնել, յուրահատուկ այգի կա, որը, կարելի է ասել, ցուցահանդեսի ենթակա այգի է: Նույն մարդիկ չե՞ն, հաստատ մեկը մյուսից բարձր չեն ո՛չ դասով, ո՛չ ֆինանսականով, ուղղակի իրենց աշխատասիրությամբ ստեղծել են: Այս տարի երևի էդ մարդը պտուղներն է քաղելու արդեն, կարող է ծիրան վաճառել, տանձ վաճառել, խնձոր վաճառել»:

Գյուղում նոր արտադրությունների ստեղծման մասին այս պահին խոսք չկա, պարզ չէ նաև, թե խմելու ջուրը երբ կհասնի Անիավան։ Մարզպետարանի ծրագրում այդ հարցը այս տարի էլ չի ներառվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG