Մատչելիության հղումներ

Մոսկվան նախատեսում է Դոնեցկն ու Լուգանսկը միացնել ՌԴ-ին, ճանաչել Խերսոնի անկախությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ


 ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթեր
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթեր

Մոսկվան նախատեսում է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները միացնել Ռուսաստանին և ճանաչել Խերսոնի շրջանի անկախությունը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը` վկայակոչելով ամերիկյան հետախուզությունը։

«Մենք կարծում ենք, որ Կրեմլը կարող է փորձել անցկացնել ձևական հանրաքվեներ՝ փորձելով ստեղծել ժողովրդավարության և լեգիտիմության տպավորություն։ Նման ձևական հանրաքվեները, կեղծված արդյունքները օրինական չեն ճանաչվի, ինչպես, օրինակ, չի ճանաչվի Ուկրաինայից հավելյալ տարածք բռնակցելու ցանկացած փորձ», - ասել է Քարփենթերը։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ռուսական այս ծրագիրը կարող է իրագործվել մայիսի կեսերին։ Ավելի վաղ այս մասին գրել էր «Մեդուզա» լրատվական կայքը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը։

CNN-ն էլ, հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է, թե Ռուսաստանի նախագահը կարող է մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ և պահեստային ուժերի մոբիլիզացիա հայտարարել։ Հավելյալ ուժերն անհրաժեշտ են Ուկրաինայի արևելյան և հարավային տարածքները գրավելու համար։

Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի խորհրդական Ալեքսեյ Արիստովիչը համարում է, որ ուկրաինական կողմին ձեռնտու է մոբիլիզացիան Ռուսաստանում, քանի որ այն կարագացնի «Պուտինի ռեժիմի տապալումը». - «Ռուսաստանում համընդհանուր մոբիլիզացիան բարիք է Ուկրաինայի համար, որովհետև սկսվելու է Պուտինի կառավարման հետհաշվարկը, և դա հնարավոր չի լինի կանգնեցնել»։

Արիստովիչը կարծում է, թե Ռուսաստանի նախագահը սխալ կգործի, եթե մոբիլիզացիա հայտարարի, որովհետև այդ դեպքում բանակը դժվար կլինի վերահսկել։ Բայց նրա կարծիքով, Ռուսաստանի տնտեսությունը երկար չի կարող դիմանալ համընդհանուր մոբիլիզացիային։ Մոբիլիզացիան հսկայական բեռ է տնտեսության համար և կարող է կործանարար լինել աննախադեպ պատժամիջոցների պատճառով թուլացած ռուսական տնտեսության համար։

Ռուսաստանցի վերլուծաբաններից քչերն են հավատում, որ իշխանությունն այսօր գնան նման քայլի։ Որոշ պլանների մասին այսօր խոսել է նաև Հռոմի պապը։ Իտալական Corriere della Sera թերթի հետ զրույցում, ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում կամ ծրագրում էին մինչև մայիսի 9-ը դադարեցնել Ուկրաինայի դեմ սկսած ռազմական հատուկ գործողությունը։ Այս մասին, ըստ Հռոմի պապի, իրեն ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Օրբանն ինձ ասաց, որ ռուսները պլան ունեն ամեն ինչ ավարտել մայիսի 9-ին։ Հուսով եմ, այո, մենք դա կկարողանանք հասկանալ այս օրերին էսկալացիայի արագությունից։ Որովհետև հիմա միայն Դոնբասը չէ, Ղրիմն է, Օդեսան է, ուզում են խլել Ուկրաինայից Սև ծովի նավահանգիստը», - ասել է Հռոմի պապը։

Այս օրերին արևմտյան մի շարք պարբերականներ գրում են, որ Պուտինն ուզում է Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ հայտարարել կամ Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների մասին, կամ հրահրել ռազմական գործողությունների կտրուկ սրացում, կամ երկուսը միասին։ Մինչդեռ այս պահին մեծ ձեռքբերումներ Պուտինը դեռ չունի։ Գրեթե երկուս ու կես ամիս պատերազմական գործողությունների արդյունքում ռուսական կողմը գրավել է միայն մեկ համեմատաբար խոշոր քաղաք՝ Խերսոնը, և մասամբ՝ Մարիուպոլը։

Մոսկվայի և Կիև միջև բանակցությունները փակուղում են։ Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան դեմ առ դեմ բանակցություններ անցկացրել են մարտի 29-ին Ստամբուլում։ Դրանից հետո, Ռուսաստանի իշխանությունների հավաստիացմամբ, Կիևը կոշտացրել է իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում։

XS
SM
MD
LG