Մատչելիության հղումներ

Ռուս զինվորականները զգուշացնում են՝ կարող են հարվածել «որոշում ընդունող կենտրոններին» Կիևում


Ուկրաինա - Ռուսական հրթիռի բեկոր Կիևում, մարտ, 2022թ․
Ուկրաինա - Ռուսական հրթիռի բեկոր Կիևում, մարտ, 2022թ․

Ռուս զինվորականները նախազգուշացրել են, որ կարող են հարվածել ուկրաինական «որոշում ընդունող կենտրոններին» Կիևում՝ վստահեցնելով, թե իրենց չի խանգարի այնտեղ արևմտյան խորհրդականների հնարավոր ներկայությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Մեծ Բրիտանիային հայտարարություններ անելու մեջ, որոնք խրախուսում են Ուկրաինային օգտագործել արևմտյան զենքը ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար, և նախազգուշացրել է, որ եթե դա տեղի ունենա, ռուս զինվորականները կարող են թիրախավորել կառավարական կառույցները Կիևում։

Նախարարությունն ուղղակիորեն մատնանշել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին, ով Times Radio-ին ասել է, որ եթե Ուկրաինային տրամադրված բրիտանական զենքը օգտագործվի ռուսական տարածքում թիրախները խոցելու համար, ապա «պարտադիր չէ, որ դա խնդիր դառնա»:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ «ռուսական զինված ուժերը շուրջօրյա պատրաստության մեջ են՝ Կիևում համապատասխան որոշումների կայացման կենտրոններին հեռահար ճշգրիտ ուղղորդված պատասխան հարվածներ հասցնելու համար»:

Մինչ այժմ ռուս զինվորականները խուսափում էին հարվածներ հասցնել Կիևում կառավարական և ռազմական գերատեսչությունների շենքերին:

XS
SM
MD
LG