Հանգստյան օրերին արևմտյան մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Պուտինն այս պահին հրաժարվել է բանակցություններից և նպատակ ունի հնարավորինս շատ տարածք գրավել Ուկրաինայում։ Վաշինգտոնն էլ, թեև նախապատրաստել է պատժամիջոցներ Ալինա Կաբաևայի դեմ, դեռ չի հայտարարում դրանց մասին՝ Ռուսաստանի նախագահին է՛լ ավելի չզայրացնելու համար։
«Վլադիմիր Պուտինը կորցրել է հետաքրքրությունը Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու նկատմամբ և փոխարենը կարծես ցանկանում է հնարավորինս շատ ուկրաինական տարածք գրավել», - գրել է Financial Times-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի ծրագրերին ծանոթ երեք աղբյուր։
Աղբյուրները մասնավորապես պատմել են՝ պատերազմի սկզբում ռուսական բանակի ձախողումներից հետո, երբ չհաջողվեց մի քանի օրում գրավել Կիևը, Պուտինը լրջորեն դիտարկել է խաղաղ կարգավորման հնարավորությունը, սակայն այսօր բանակցությունների միջոցով կարգավորումը մերժում է։
Պարբերականը գրում է, թե Ռուսաստանի նախագահի դիրքորոշման վրա հատկապես ազդել է «Մոսկվա» հածանավի կործանումը։ «Պուտինին ռուսական Սևծովյան նավատորմի դրոշակակիր հածանավի կործանումը չափազանց զայրացրել է։ Նրա ընկալմամբ՝ դա շատ նվաստացուցիչ է», - պատմել են Financial Times-ի աղբյուրները։
Financial Times-ը գրում է նաև, որ Պուտինը ռուսական հրամանատարության և պետական հեռուստատեսության հաղորդումների պատճառով հավանաբար խեղաթյուրված պատկերացումներ ունի պատերազմի վերաբերյալ։ Զրույցներում նա իբր պնդել է, թե ռուսական ուժերը չեն հարվածել խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարիուպոլում։ «Պուտինն իսկապես հավատում է հեռուստացույցով լսած հիմարությանը և ցանկանում է մեծ հաղթանակներ ունենալ», - Financial Times-ին ասել է աղբյուրը։
Ըստ թերթի՝ ապրիլի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական կողմն է բանակցությունները փակուղի մտցրել, և ընդգծել է՝ այժմ Զելենսկու հետ հանդիպելու ժամանակը չէ։ Այս ամենից տպավորություն կա, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են լինելու ավելի շատ տարածքներ գրավելուն, այլ ոչ թե դիվանագիտական համաձայնության գալուն, գրում է պարբերականը։
Մոսկվան անցած շաբաթ հայտարարել էր Ուկրաինայում «հատուկ գործողության» երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի նպատակն է լիակատար վերահսկողությունը Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ և դեպի Ղրիմ ցամաքային միջանցք ստանալը։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պատժամիջոցների փաթեթ է պատրաստել Ալինա Կաբաևայի դեմ, սակայն մինչ այժմ այդ մասին չի հայտարարել, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Դրա պատճառներից մեկն այն մտավախությունն է, որ Պուտինը կարող է շատ ագրեսիվ արձագանքել, և որ Կաբաևայի դեմ պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության հետագա սրացմանը։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Կաբաևան Պուտինի առնվազն երեք երեխաների մայրն է, և որ նա կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի նախագահի անձնական հարստությունն արտասահմանում թաքցնելու գործում։