Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ողջունում է վարչապետի խոսքը և բոլոր կողմերին կոչ անում հանդես գալ «խաղաղությանն աջակցող նման ուղերձներով»


«Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Նախագահ Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանը ամբողջ աշխարհում, և սա նաև ենթադրում, ներառում է նման դեպքերի կրկնության բացառումը», - լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը` շարունակելով. «Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ այդ ճանապարհին: Այդ հայտարարությունների կարևորությունն այն է, որ մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915 թվականին տեղի ունեցած պատմական փաստը»,- ասաց դեսպանը:

Նախորդ տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին` առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ, նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Մինչ այդ Ցեղասպանությունն արդեն ճանաչել էին ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։

«Կասկած չկա, որ բանակցությունները դժվար կլինեն»

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ ու որպես ԱՄՆ` Հայաստանի բարեկամ և գործընկեր, հայտարարեց դեսպանն` ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է «միջազգային հանրությունը լռություն պահպանում Արցախի հետ կապված իրավիճակում. երբ թուրք-արբեջանական ցեղասպանության վտանգ կա»:

Լին Թրեյսին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացմա, «ինչպես նաև միմյանց հետ շփումների մեջ լինելու և խաղաղության գործընթացը կերտելու համար»:

«Մենք մարտի 25-ին հայտարարությամբ հանդես եկանք, որով ադրբեջանական զորքերի տեղաշարժի և իրավիճակի ապակայունացմանն անդրադարձանք: Մենք կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին:

Կասկած չկա, որ բանակցությունները դժվար կլինեն, սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է ձևավորվել: Մենք ողջունում ենք վարչապետի անցած շաբաթվա խոսքը և կարևոր ենք համարում նրա այդ ուղերձը և բոլոր կողմերին կոչ ենք անում, որպեսզի հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով», - ընդգծեց Նահանգների դեսպանը:

Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էր շփման գիծը, փոխհրաձգությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակը զոհեր և վիրավորներ ունեցավ։

«Համանախագահության ձևաչափով հնարավորություններ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի հետագա գործունեությանը Ռուսաստանի հետ ներկայիս լարված իրավիճակում, ապա Լին Թրեյսին ասաց, որ այդ հայտարարությունը եղել է Ռուսաստանի կառավարության կողմից. «Սա համակարգված համատեղ հայտարարություն չէր և չի արտացոլում Միացյալ Նահանգների մոտեցումն այս հարցի շուրջ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ոչնչով չհրահրված հարձակումը բարդացրել է Մինսկի խմբի գործունեությունը, բայց մենք կարծում ենք, որ համանախագահության ձևաչափով հնարավորություններ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Լին Թրեյսին նաև հիշեցրեց, որ անցյալ շաբաթ այստեղ էր գտնվում կովկասյան բանակցությունների հարցով պետքարտուղարության խորհրդատու և Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը, ով, դեսպանի խոսքով, արդյունավետ հանդիպումներ, քննարկումներ է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ:

«Մենք կշարունակենք երկկողմ ձևաչափում և որպես Մինսկի խմբի համանախագահ հնարավոր ուղիները դիտարկել լուծման խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հավելեց դիվանագետը:

XS
SM
MD
LG