Մատչելիության հղումներ

Պետք է հստակ կանոնակարգեն, թե ում են տալիս զենքը, այն երբ կարող է կիրառվել


Ազգային ժողովի իշխանական խմբակցությունն օրերս շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։

Աշոտ Ավետիսյանն արդեն տասը տարի օրինական զենք է պահում։ Ուժային կառույցում չի աշխատում։ Հայաստանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» գործող օրենքի համաձայն, զենք ունենալու համար բավարար է Որսորդմիության անդամ լինել։

«Զենքը ինձ համար մի քանի նշանակություն ունի։ Նախ որպես որսորդության գործիք, հետո ինքնապաշտպանության գործիք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ավետիսյանը խոստովանում է, որ որսորդությամբ դեռ չի զբաղվել, առայժմ պատրաստվում է։ Ասում է՝ անվտանգ տեղում պահված զենքը ապահովության զգացում է տալիս տիրոջը. - «Պարտավոր ենք բոլորս հնարավորինս լավ տիրապետել զենքին և ընդհանրապես ռազմական գործին։ Իսկ որսորդությունը դրա նախադրյալները ստեղծում է»։

Ազգային ժողովի իշխանական խմբակցությունն օրերս շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որով այլևս պարտադիր չի լինի Որսորդմիության անդամ լինել զենք գնելու, պահելու համար։

«Ներկայիս օրենքը շատ ավելի ազատական է, քան մեր նախագիծը»

Վիլեն Գաբրիելյան
Վիլեն Գաբրիելյան

Նախագծի համահեղինակներից պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր») պնդում է, թե ոչ թե զենքի գնումն են հեշտացնում, այլ կարգավորում են դաշտը. - «Մեր մոդելով հրազեն ստանալու համար դուք պետք է հանձնեք քննություն։ Էլի ասեմ, որ ներկայիս օրենքը ինքը շատ ավելի ազատական է, քան այն նախագիծը, որը մենք ենք առաջարկում, որովհետև ինքը հստակեցնում է հարաբերությունները»։

Նախագծով առաջարկվում է չեղարկել ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը, զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը դառնում է 10 տարի (5 տարվա փոխարեն), թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն (5 միավորի փոխարեն)։ Զենք գնել ցանկացող մարդը նախ պետք է 21 տարեկանից բարձր լինի, ոչ միայն համապաստախան փաստաթղթեր ունենա, այլ նաև կրակել իմանա։

«Օրենքով նախատեսվում ա նաև հրաձգարանի իրավական հիմքերը ստեղծել։ Նախագծով ակնկալում ենք, որ փոխգործակցություն կլինի Ոստիկանության և ապագայում ստեղծվելիք հրաձգարանների միջև, և էդ դաշտը մի քիչ ավելի շատ այսպես ասած հասարակական, մասնավոր դաշտը կսպասարկի։ Կլինեն ինստրուկտորներ, որոնք լիցենզավորված կլինեն Ոստիկանության կողմից», - մանրամասնեց պատգամավորը։

Իրավապաշտպանը վստահ չէ, որ իշխանությունները կկարողանան պատշաճ վերահսկողություն իրականացնել

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ չէ, որ իշխանությունները կկարողանան պատշաճ վերահսկողություն իրականացնել, բալանսավորել իրավիճակը, և չեխովյան պատմության մոտիվներով առաջին ակտում բեմում հայտված հրացանը վերջին ակտում պատուհաս չդառնա. - «Երրորդ ակտում հաստատ կրակելու ա։ Պետք ա հասկանալ, բալանսավորել՝ ում են տալիս զենքը, ինչի համար են տալիս, հստակ կանոնակարգեն էն խնդիրները, թե երբ կարող ա կիրառվել էդ զենքը, որպեսզի չլինի մանիպուլացնելու հնարավորություն։ Յուրայիններին հերթական անգամ ցանկացած պարագայում արդարացնեն, երբ որ ինչ-որ գործողություն կիրականացվի և ոչ յուրայինների նկատմամբ քրեական հետապնդում սկսեն։ Այսինքն՝ ինքը շատ բարդ մեխանիզմ ա, որը պետք է աշխատացնեն։ Անկեղծ ասած, վստահ չեմ, որ տենց մանրամասն կաշխատեն իշխանությունները»։

Զենքը թանկ արժե, ուստի ենթադրվում է, որ այն ավելի շուտ կհայտնվի հարուստ խավի մոտ։ Իրավապաշտպանը մտահոգված է, որ շատ կարճ ժամանակում այն պարզապես կարող է դառնալ հարուստների, յուրայինների մենաշնորհը։

Իշխանության ներկայացուցիչը հակադարձում է, թե հենց գործող օրենքն է նպաստել, որ զենք այսօր ունենան հիմնականում հարուստները. - «Մեր մոտ զենքերը թանկ են, բայց քանի որ որոշակի հստակեցում ա տեղի ունենալու ներկրման և վաճառքի տեսանկյունից, հենց դա մի քիչ դաշտը բացելու ա, և ըստ այդմ ակնկալվում ա, որ նաև գները զենքի և զինամթերքի կիջնեն»։

Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանց

44-օրյա պատերազմից հետո տարբեր հարթակներում քննարկվում էր սահմանին ապրող մարդկանց զինելու հարցը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հիշեցնում է, որ իշխանություններն այնքան էլ ոգևորված չէին այս գաղափարով. - «Ինձ համար մի քիչ հասկանալի չի ինչո՞ւ կարելի ա դնել շրջանառությամ մեջ լայն հասարակության համար զենքեր, բայց երբ քննարկվում է հենց սահմանամերձ գոտում ապրող մարդկանց, որոնց առօրյա խնդիրները լուծելու համար՝ ոչխարներին արածացնելու համար, կամ իրենց տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու հետ խնդիրներ էին բազմիցս առաջացել, և մարդիկ հնարավորություն չէին ունեցել պաշտպանվելու։ Արդյունքում առևանգվել էին, արդյունքում սպանվել էին»։

«Չգիտեմ, թե էդ ավելի կարևոր հարցը ոնց ենք ձևակերպում, որ սահմանամերձ գոտին առաջնային ա մեր մոտ էս պահի դրությամբ զինելու տեսանկյունից։ Ստեղ մեզ համար սահմանների հարցը չի առաջնային, այլ Սահմանադրությամբ քաղաքացուն վերապահված իրավունքներն են», - արձագանքեց Վիլեն Գաբրիելյանը։

Չհերքվեցին նաև լուրերը, որ պատերազմից հետո ռազմի դաշտից մեծ թվով զենք է ապօրինաբար դուրս բերվել։ Վերջին երեք տարում ոստիկանությունը 1758 միավոր զենք է առգրավել, եղել են նաև ինքնակամ հանձնողներ, միայն 2020-ին՝ 693, 2021-ին՝ 751, 2022-ի առաջին եռամսյակի ընթացքում՝ 314 միավոր զենք։

Ոստիկանությունն անպատասխան է թողել «Ազատության» հարցը, թե ապօրինի զենքերից քանիսն է կիրառվել հանցագործության մեջ։

Իշխանության հիմնավորումներից մեկն էլ այն է, որ որքան մեծանա օրինական զենք ձեռք բերելու հնարավորությունը, այնքան կպակասի անօրինական զենքի շրջանառությունը։ Այդուհանդերձ հենց ապօրինի զենքի շրջանառությունը կասեցնելու մասին օրենքի նախագիծ դեռ չկա։ Իշխանական պատգամավորի խոսքով, մտածում են այդ ուղղութամբ։

Աշխարհում զենք գնելու, պահելու փորձը տարբեր է

Եվրամիության երկրներում սահմանված են քաղաքացիական հրազենի ձեռք բերման և պահման նվազագույն չափորոշիչներ։ Սակայն ԵՄ անդամ երկրներն ազատ են ընդունելու ավելի խիստ կարգավորումներ։

Զենքի շրջանառության կարգավորման քննարկումները, սակայն, հատկապես թեժ են Միացյալ Նահանգներում: Այնտեղ զենք պահելու և կրելու իրավունքն ամրագրված է Սահմանադրության երկրորդ լրացմամբ։ Շարքային ամերիկացիներն ավելի շատ են զինված, քան աշխարհի որևէ այլ երկրի քաղաքացիներ։ Վերջին 20 տարիներին ԱՄՆ-ում բազմաթիվ զինված հարձակումներ են եղել, օրինակ, դպրոցներում։ Քաղաքական դեբատներում հաճախ են քննարկվում զինված հարձակումներից պատշտպանվելու և զենքի վաճառքի կանոնակարգման հարցերը։

Հայաստանում իշխանության ներկայացուցիչը հրաժարվում է հարցը տեղափոխել էմոցիոնալ դաշտ՝ ասելով միայն. - «Այնուամենայնիվ, մեր հասարակությունը ու Ամերիկայի հասարակությունը չեմ համեմատի իրար»։

Այս հարցում համակարծիք է նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Հիշեցնում է, որ երբ 2016-ին «Սասնա ծռերը» Երևանում ոստիկանական գունդ գրավեցին, հասարակության մի մասը կողմ լինելով իշխանափոխության գաղափարին՝ չընդունեց զենքի կիրառման հանգամանքը. - «Մենտալիտետի տարբերություն կա։ Չեմ կարծում, որ էդպես իրար վրա կրակելու, իրար վնասելու համատարած էդպիսի վերաբերմունք կլինի, որովհետև մենք փոքր պետություն ենք, շատերս իրար ճանաչում ենք»։

«Ազատության» հարցումները պատահական անցորդների հետ ևս ուշագրավ պատկեր ներկայացրեցին. մեր զրուցակիցների մեծ մասը խոստովանեց, որ չէր ցանկանա տանը զենք ունենար։

«Ինձ թվում ա, մեր հասարակությունը դրան պատրաստ չի», - ասաց հարցվածներից մի տղամարդ։

«Զենքը լավ բան չի, որ մարդ միշտ ունենա, բայց անհրաժեշտության դեպքում պետք ա։ Բայց հիմա պետք չի, ինձ թվում ա», - ասաց մեկ ուրիշը։

Հայաստանում օրինական զենք պահողների թիվը գաղտնի է։ Ոստիկանությունը օրինական զենքով կատարված հանցագործութոյւնների վերաբերյալ առանձնացված վիճակագրություն չի իրականացվում։ Առայժմ հայտնի չէ, թե խորհրդարանում երբ կքննարկվի իշխանության նախագիծը, առջևում քննարկումների փուլն է կառավարությունում և Ազգային ժողովի հանձնաժողովում։

Պետք է հստակ կանոնակարգեն, թե ում են տալիս զենքը, այն երբ կարող է կիրառվել
please wait

No media source currently available

0:00 0:08:18 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG