Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել Լուգանսկի բնակիչներին տարհանվել առանց հապաղելու։
«Հաջորդ շաբաթը կարող է դժվար լինել: Այն կարող է լինել վերջինը, երբ մենք դեռ հնարավորություն կունենանք ձեզ փրկելու», - երեկ ասել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը: «Ողջ մնալը միակ բանն է, որ ձեզնից պահանջվում է», - ասել է նա:
Ռուս զինվորականները, մինչդեռ, շարունակում են Մարիուպոլի պաշարումը։ Երեկ առավոտյան նրանք առաջարկել էին հանձնվել քաղաքում մնացած ուկրաինական ուժերին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները պատսպարվում են «Ազովստալ» գործարանի տարածքում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հանձնվելու մտադրություն չունեն, Մարիուպոլն էլ «դեռ չի ընկել»։
Երեկ ուկրաինացի քաղաքական գործիչները հայտարարել են նաև, որ ճակատամարտը հանուն Մարիուպոլի կարող է դառնալ «կարմիր գիծ» հետագա բանակցությունների համար։ Այդ մասին ավելի վաղ խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այսօր առավոտյան տեղական իշխանությունները հաղորդել են Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքին հասցված 4 հրթիռային հարվածի մասին։ Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտին երեք և անվադողերի տեղադրման օբյեկտին մեկ հարվածի հետևանքով, հայտնի է վեց զոհվածի և ութ վիրավորի մասին, այդ թվում՝ մեկ երեխա։