Մատչելիության հղումներ

Մեդվեդչուկի կինն առաջարկում է իր ամուսնուն փոխանակել Մարիուպոլում գերեվարված բրիտանացիների հետ


Ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը
Ռուսամետ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը

Օրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, այսօր դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ առաջարկելով կազմակերպել իր ամուսնու փոխանակումը Մարիուպոլում գերեվարված այն բրիտանացիների հետ, որոնք ուկրաինական բանակի կազմում մասնակցում էին ռազմական գործողություններին։

«Դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փիների հարազատներին։ Ձեր հնարավորությունների շրջանակում է դիմել վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպեսզի նա ազդի ուկրաինական ղեկավարության վրա և հասնի Էյդենի և Շոնի ազատմանը՝ փոխանակելով նրանց իմ ամուսնու` ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ», - հայտարարել է Մարչենկոն։

Այս հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը ակնարկել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է քննարկել նման փոխանակում կազմակերպելու հարցը։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը առանց հապաղման կպատասխանի ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ խնդրանքին», - իր Տելեգրամ ալիքում գրել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

XS
SM
MD
LG