Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատրաստ է Երևանին և Բաքվին օգնել համապարփակ խաղաղություն հաստատելու գործում


ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նեդ Փրայսն ապրիլի 14-ին ասել է, թե Վաշինգտոնը պատրաստ է Երևանին և Բաքվին օգնել համապարփակ խաղաղություն հաստատելու գործում՝ այդ թվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջոցով:

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի հասնելու գործընթացի խթանմանը։ Մենք ողջունել ենք ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, խաղաղ բանակցություններին և սահմանազատման գծով երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը նախապատրաստվելու դրական դինամիկան: Ինչպես բրյուսելյան հանդիպման նախօրեին՝ ապրիլի 5-ին երկու լիդերների հետ զրույցներում նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մենք շարունակում ենք խրախուսել խաղաղությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետագա բանակցությունները», - ասել է Փրայսը:

Նրա խոսքով՝ պետական քարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմ համագործակցությանը գործընկեր-համախոհների հետ, այդ թվում՝ իբրև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահող երկիր, որ օգնի երկու պետություններին հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության:

XS
SM
MD
LG