Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին ասել է, որ հարկ եղած դեպքում Իրանն ամենակոշտ միջոցներով պայքարելու է Իսրայելի դեմ:
Մարտ ամսվա ընթացքում Իրանը հրթիռներով հարված է հասցրել Իրաքյան Քրդաստանի մայրաքաղաք Էրբիլին: Թեհրանը հայտարարել է, թե հրթիռների թիրախն Իսրայելի գաղտնի հենակետերն էին: Գրոհը ծրագրվել է որպես պատասխան Սիրիայում Իրանի զինծառայողների սպանությանը:
«Հենց Իսրայելի հանցավոր ռեժիմը ցույց տա իր դեմքը, հենց նրանք ցանկանան խախտել այլոց իրավունքներն աշխարհի որևէ ծայրում՝ իսլամական օրենքը նրանց կպատժի: Մենք գիտենք, թե որտեղ եք դուք, օրինակներից մեկը Էրբիլն էր, շատերը չգիտեին, որ այնտեղ իրենց հարևանությամբ Իսրայելի հետախուզության՝ Մոսադի հենակետն էր»,- ասել է Էսմայիլ Քաանին:
Նրա խոսքով, Իրանն ամենուր սատարելու է «սիոնիստական ռեժիմի դեմ պայքարող ուժերին»: